ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավո՞ր է, որ իշխանությունն իր ասելիքը ձևակերպի այնպես, ինչպես պետք է հասկանալ. սա հենց մանիպուլյացիայի դասական օրինակ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Թյուրիմացություն է եղել, երբ նախօրեին ասվել է, թե ՀՀ ԶՈւ ԳՇ-ն է որոշել սահմանազատումը Տավուշի մարզից սկսելը: Իրականում ես նկատի եմ ունեցել, որ այն որոշվում է սահմանազատման հանձնաժողովում, իսկ ԳՇ-ն պետք է հարցի վերաբերյալ ունենա իր հստակ կարծիքը։ Ես մի քիչ խառնել էի, կներեք»:

Այս մասին ապրիլի 9-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ` Անդրանիկ Քոչարյանը:

Սա ոչ առաջին և ոչ էլ վերջին դեպքն է, երբ իշխանության ներկայացուցիչներն լրջագույն հարցերի շուրջ հայտարարություններ են անում, ապա բացատրում են, թե իրականում ի՞նչ են նկատի ունեցել։

Ցայտուն օրինակ են հատկապես վարչապետի հայտարարությունները․ ինքը, երբ ասում էր, որ պատերազմի պատասխանատուն էր, նկատի չուներ, որ մեղավորն էր։

Երբ հայտարարում էր, որ Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր, նկատի ուներ այն, որ լավ կառուցված չէ։ Երբ հայտարարում էր, որ նահանջի հրամանն ինքն է տվել Կովսականում և Սանասարում, դա նկատի չուներ։

Այս շարքը կարելի է շարունակել անվերջ և այն օր օրի ավելանում է. կառավարություն-Ազգային ժողով` հարց ու պատասխանի ժամանակ, կառավարության նիստերին, մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթներից հետո։

Անմասն չեն նաև ՔՊ պատգամավորներն ու նախարարները. Հակոբ Արշակյանը մի քանի անգամ տարբեր ձևով ներկայացրեց, թե ինչ է նկատի ունեցել լրագրողին հարվածելով, Ալեն Սիմոնյանն ամեն ճեպազրույցից հետո արդարանում է, թե նախորդում ինչ է նկատի ունեցել։

Օրինակ` այս անգամ կարիք կա բացատրել, թե ինչո՞ւ է ՀՀ քարտեզ հրապարակել, ապա ջնջել ու այլ քարտեզ հրապարակել։ Նույնիսկ Ալեն Սիմոնյանի մայրիկի հայհոյանքն էր այլ բան նշանակում։

Ի վերջո, դժվար է պատկերացնել աշխարհում մի պետություն, որտեղ իշխանությունը հայտարարում է մի փաստի մասին, ապա ասում, որ դա նկատի չունի և այլն։ Սա կառավարչի նկատմամբ ձևավորում է անլրջության մթնոլորտ։

Սովորաբար, ամբողջ աշխարհում այս դերը ստանձնում են հիմնականում PR ընկերությունները։ Տեսնես հնարավո՞ր է, որ ՀՀ ներկայիս իշխանությունն իր ասելիքը ձևակերպի այնպես, ինչպես պետք է հասկանալ, ասի այն` ինչ ինքը նկատի ունի։

Տարբեր մասնագետների գնահատմամբ սա հենց մանիպուլյացիայի դասական օրինակ է։ Հանրային կապերում կա ընդունված տեխնոլոգիա՝ հասարակությանը ներկայացնել առաջնային ինֆորմացիա՝ ինչ ցանկանում ես, որ հասարակությունը իմանա կամ ընկալի այդ տեսանկյունից, իսկ հետո հերքել այն։

Վերլուծությունները ցույց են տալիս, որ հերքող կամ բացատրող ինֆորմացիան ավելի թույլ հասանելի է, քան բուն կամ առաջնային ինֆորմացիան։ Անդրանիկ Քոչարյանի օրինակով՝ մարդիկ լսեցին, որ մեր ԳՇ-ն է որոշում կայացնողը, Ադրբեջանը պարտադրող չէ, իսկ «դա նկատի չունենալու» մասին տեղեկությունը մեծ մասը չի լսել։

ՀՀ իշխանության այդ հերքման, ճշգրտման մեջ հաճախ թողնում են արևմտյան մշակույթին հատուկ «հարցականներ», որոնք նույնիսկ առաջնային տեղեկատվությունը լսողի մոտ կասկած են առաջացնում, թե հենց նույն տեղեկատվությունն են հերքում։

Օրինակ՝ ՀՀ վարչապետը հարցնում է՝ «ես թիմի պատասխանատուն եմ, բայց ես թիվ մեկ մեղավո՞րն եմ», «ես ասե՞լ եմ, որ Տավուշի գյուղերը տալն, ինչ-որ բանի երաշխիք է», «Կա՞ երաշխիք, որ վաղը պատերազմ չի սկսվի» և այլն։

Քանի դեռ իշխանությունը հասարակությանը մոլորեցնելու և այդ կերպ աթոռ պահելու խնդիր ունի, երբեք ուղիղ չի նայի հասարակության աչքերին ու ասի այն, ինչ իրապես նկատի ունի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular