Մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը ներկայացրել է Հայաստանը FIFA THE BEST-ի քվեարկությանը
ՍՊՈՐՏ![Մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը ներկայացրել է Հայաստանը FIFA THE BEST-ի քվեարկությանը](/timthumb.php?src=disc/18-09-23/87c784ea303ca6ea647313e6d2aeb273.jpg&w=780)
Alphanews.am-ը գրում է.
Մարզական լրագրող, մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը ներկայացրել է Հայաստանը FIFA THE BEST՝ 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը: Ռոբերտը քվեարկել է տարվա լավագույն ֆուտբոլիստ, մարզիչ և դարպասապահ անվանակարգերում: Նրա կարծիքով անցնող տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը պետք է ստանա «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը: Լավագույն մարզչի քվեն Գասպարյանը տվել է «Սիթիի» ղեկին կանգնած Պեպ Գվարդիոլային, իսկ լավագույն դարպասապահ անվանակարգում նրա ֆավորիտը նույն թիմի ներկայացուիչ Էդերսոնն է: Իր ընտրությունը Ռոբերտ Գասպարյանը մեկնաբանել է այսպես.
«Ժամանակակից ֆուտբոլում անհատական մրցանակների հանդեպ վերաբերմունքը փոխվել է, քանի որ 21-րդ դարում ֆուտբոլն է մի փոքր փոխվել: Մարզաձևի՝ ավելի մեխանիկացված դառնալը զրկում է վառ խաղացողներին փայլել իրենց անհատական վարպետությամբ:
Այդ տեսանկյունից առաջին պլան են գալիս թիմային մրցանակներն ու գոլերը: Այստեղ ֆավորիտն, իհարկե «Մանչեսթեր Սիթին» է` իր ռմբարկու Էրլինգ Հոլանդով, մարզիչ Պեպ Գվարդիոլայով ու դարպասապահ Էդերսոնով: Անգլիական ակումբը բաղձալի թրեբլ գրանցեց՝ նվաճելով եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենակարևոր 3 մրցանակները: Շատերն իրենց ձայնը, գուցե, տան Լեո Մեսսին, սակայն, ըստ իս, արգենտինացին աշխարհի 2022 թվականի առաջնությունից հետո գրեթե ոչնչով աչքի չի ընկել, իսկ ԱՄՆ-ի առաջնությունում փայլելը Մեսսիի պես ֆուտբոլիստի համար լուրջ ցուցանիշ չի կարող համարվել», — ասել է Ռոբերտ Գասպարյանը:
Կից ներկայացնում ենք Ռոբերտ Գասպարյանի քվեարկության արդյունքները:
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/09/18120006/IMG_0504-594x1024.jpg)
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/09/18115958/IMG_0503-1024x666.jpg)