ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը պատրաստ է Ղարաբաղը ճանաչել որպես ադրբեջանական. ի՞նչ է լինելու հաջորդիվ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ukraina.ru–ն գրում է, որ մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը կճանաչի Լեռնային Ղարաբաղն որպես Ադրբեջանի մաս։ Դա Հայաստանի կառավարության ներկայիս ղեկավարի գործունեության բավականին բնական, թեկուզ և միջանկյալ արդյունքն է։ Սկզբում Հայաստանի վարչապետն առաջարկեց Բաքվին պարզապես ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանական կողմն ի պատասխան նրանից պահանջեց հրապարակայնորեն Ղարաբաղը հայտարարել որպես ադրբեջանական։ Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը որպես պաշտոնական Բաքվին պատկանող, ինչը դե ֆակտո նշանակում էր Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական պատկանելության ճանաչում։ Եվ այսպես, Փաշինյանը հաստատեց, որ այն տարածքը, որը Հայաստանը պատրաստ է ճանաչել որպես Ադրբեջան, ներառում է ԼՂՀ-ն, սակայն հավելելով, որ «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով»։

Ստեփանակերտը նախկինում մեղադրել է Հայաստանի իշխանություններին այն բանի համար, որ նրա գործողությունները «իրականում համահունչ են» Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը, որը, ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության, ձգտում է տարածաշրջանում իրականացնել վերջնական հայաթափում։ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ ղարաբաղցի հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ հեռանան տարածաշրջանից։

Իսկ ընդհանրապես, Բաքուն կարծում է, որ Ղարաբաղի հայ բնակչության ճակատագիրը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է, և իրենք չեն պատրաստվում դա քննարկել որևէ մեկի հետ։ Նրանք նույնպես մտադիր չեն տարածաշրջանին հատուկ կարգավիճակ տալ։

Ակնհայտ է, որ նման պայմաններում Ղարաբաղը տեսանելի ապագայում կդադարի հայկական լինելուց։ Հայ բնակչությունն արդեն հեռանում է այնտեղից, ինչպես նաև հենց բուն Հայաստանից։ Բացի այդ, 2020 թվականի պատերազմից հետո այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները նույնպես ստիպված կլինեն լքել Ղարաբաղը՝ եթե Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր կնքեն, ապա նրանց մանդատը երկարացնելու պատճառ չի լինի։

Հենց այդ պահն էլ՝ Ռուսաստանի տեղահանումն Անդրկովկասից, իրականում առանցքային է թե՛ Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս իշխանությունների, թե՛ արևմտյան ստրատեգների համար։ Փաստացի Ռուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ գրեթե բոլոր մասնակիցները (մի կողմից Բաքուն և Անկարան, մյուս կողմից Փաշինյանը և նրա արևմտյան հովանավորները) խաղում են իր հակառակորդների կողմից։

Տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահներն ի սկզբանե էին հայտնվել խոցելի վիճակում։ Իրավիճակը սրվել է Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, սադրանքները հաջորդել են մեկը մյուսի հետևից, իսկ անցյալ տարվա վերջին ադրբեջանցի զինյալները «էկոակտիվիստների» անվան տակ փակել էին խաղաղապահների կողմից վերահսկվող Լաչինի միջանցքը, որը Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է: Իսկ վերջերս Ադրբեջանի ԶՈւ-ն այնտեղ տեղադրել է սեփական անցակետը, և դրանով իսկ փաստացի օրինականացրել շրջափակումը։

Այդ ամբողջ ընթացքում Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում էին տարածաշրջանում Ռուսաստանի գործողությունների անհամապատասխանության մասին։ Փաշինյանը խաղաղապահ առաքելության աշխատանքն անվանել է անարդյունավետ, սպառնացել դուրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ հայ հասարակության մեջ ակտիվ մեդիա արշավ է ծավալվել, որի նպատակն է բնակչության շրջանում լիակատար հիասթափություն առաջացնել Մոսկվայի քաղաքականությունից և հնարավորություններից։ Բացի այդ, պաշտոնական Երևանը հստակ կարծում է, որ արևմտյան երկրները պետք է լինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական մոդերատորները։

Ակնհայտ է, որ Ռուսաստանը, որի հիմնական ջանքերը ուղղված են Ուկրաինային, չի կարող լայնամասշտաբ հակամարտության մեջ մտնել Թուրքիա–Ադրբեջան կոալիցիայի հետ։ Սակայն դա չի ժխտում այն ​​փաստը, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն էլ փորձում կռիվ տալ Ղարաբաղի համար, այլ գիտակցաբար և հետևողականորեն հանձնել են այն, և այդ գործընթացի վերջնական ավարտը, ըստ երևույթին, կլինի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման տեսքով, որը հեռու չէ։

Ավելին, 2020 թվականի աղետալից պատերազմից հետո Փաշինյանը հաջողությամբ վերընտրվել է իր պաշտոնում, այսինքն չի կորցրել վստահությունը հայ ընտրողների շրջանում։

Մոտ ժամանակներս ուկրաինական հարձակում է սպասվում Հատուկ ռազմական գործողության գոտում: Այդ նպատակով ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ երկրները Ուկրաինայի Զինված ուժերը լցնում են զինատեսակների լայն տեսականիով։ Տրամաբանական է ենթադրել, որ միևնույն ժամանակ արևմտյան ստրատեգները կարող են փորձել հրկիզել այնպիսի այլ թեժ կետեր, որոնց հետ անմիջական կապ ունի Ռուսաստանը, և հնարավորն է, որ դա լինի Ղարաբաղը։

Հայաստանի ներկայիս վարչապետի քաղաքական ճակատագիրը կարող է զարգանալ շատ տարբեր ձևերով։ Միանգամայն հնարավոր է, որ Ղարաբաղը վերջնականապես Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո նրա կարիերան ավարտվի։ Բայց դա չի փոխի այն, ինչ տեղի կունենա: Անդրկովկասի այս հատվածը վերահսկվելու է Արևմուտքի և Թուրքիայի կողմից։ Միևնույն ժամանակ, ռուսաֆոբիան Հայաստանում կշարունակի աճել անկախ նրանից, թե ինչպիսին կլինի հաջորդ իշխող ռեժիմը։ Այսպիսով, արդեն իսկ ակնհայտ է, թե ինչպիսին է լինելու այն քաղաքական ժառանգությունը, որ թողնելու է Նիկոլ Փաշինյանը։ Սակայն տարածաշրջանում տիրող իրավիճակով հետաքրքրվողների համար դա ակնհայտ էր դեռ նրա իշխանության գալու պահից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular