ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … բասկետբոլ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բասկետբոլը թիմային մարզաձև է։ Անունը ծագել է երկու անգլերեն բառերից՝ basket - զամբյուղ, ball - գնդակ: Խաղի նպատակն է ձեռքերով հնարավորինս շատ գնդակներ նետել հակառակորդի զամբյուղը: Միացյալ Նահանգներն է համարվում  բասկետբոլի ծննդավայրը։

1891 թվականին Սփրինգֆիլդի քրիստոնեական քոլեջի ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթը մի անսովոր խաղ է հորինել։ Խաղի նպատակն էր երեխաների մոտ զարգացնել ոչ միայն ուժն ու ճարպկությունը, այլ նաև շարժումների համակարգումը։ Ջեյմս Նեյսմիթը ուսանողներին երկու թիմերի է բաժանել, առանց հատակի մրգային զամբյուղներ կապել մարզասրահի պատերին, նրանց տվել գնդակ և առաջարկել խաղալ՝ գնդակը գցել հակառակորդի զամբյուղը: Այն ժամանակվա խաղը շատ քիչ է նման եղել ժամանակակից բասկետբոլին։ Խաղացողները պարզապես գնդակ էին նետում միմյանց՝ տեղում մնալով։ Սակայն արտասովոր խաղի մասին խոսակցությունները սկսել են արագորեն տարածվել ամբողջ քաղաքում և երկրում։ Ի սկզբանե, բասկետբոլը խաղացել են ֆուտբոլային գնդակով, բայց կարեր ունեցող գնդակը հաճախ է վնասում խաղացողների մատները, և ստեղծվել է արտաքինից առանց կարերի բասկետբոլի գնդակը: Զամբյուղներն օգտագործվել են մինչև 1906 թվականը, որից հետո դրանք փոխարինվել են վահանակին (հետնապատին) ամրացված մետաղական օղակներով։ Այդ փոփոխությամբ գնդակը հեշտությամբ անցնում էր օղակի միջով:

Մեկ տարի անց Նեյսմիթը որոշել է մշակել իր ստեղծած խաղի կանոնների առաջին 13 կետերը։ Նույն տարում կանանց բասկետբոլի առաջին կանոններն են մշակվել Նորթհեմփթոնի Կանանց քոլեջի ֆիզկուլտուրայի ուսուցչի կողմից։ Իսկ արդեն 1894 թվականին ԱՄՆ-ում ընդունվել են խաղի պաշտոնական կանոնները։ Ամերիկայի կեսը ընկղմվել է «բասկետբոլային խելագարության» մեջ: Արագ տեմպերով խաղը տարածվել է ամբողջ աշխարհում: Խաղը նախ նվաճել է Արևելքը՝ թափանցելով Ճապոնիա, Ֆիլիպիններ և այլ երկրներ, ապա Եվրոպան և Հարավային Ամերիկան։ 

1919 թվականին տեղի է ունեցել միջազգային առաջին տղամարդկանց մրցաշարը, իսկ 1923 թվականին՝ կանանց միջազգային մրցաշարը։ 1920-ական թվականներին բազմաթիվ երկրներում սկսել են ստեղծվել Ազգային ասոցիացիաներ, իսկ 

1932 թվականին ստեղծվել է Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան, որն ընդգրկում էր 8 երկիր։ 1924 և 1928 թվականներին բասկետբոլն առաջին անգամ մտցվել է ամառային օլիմպիական խաղերի ծրագրում որպես ցուցադրական մարզաձև, իսկ 1936 թվականին այն պաշտոնապես է ընդգրկվել Բեռլինի ամառային օլիմպիական խաղերի ծրագրում։

Нет описания.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular