ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆուտբոլի հավաքականի մարզիչի վրա մեծ ճնշում են գործադրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովը լուրջ ճնշման է ենթարկվում, ընդ որում, ոչ միայն մարզական շրջանակների, այլև քաղաքական։

Ուկրաինայի հավաքականի նախկին մարզիչը հայտնի է իր հակառուսական տրամադրություններով, բազմիցս է քաղաքական հայտարարություններով հանդես եկել, պահանջել մեկուսացնել ռուսական ֆուտբոլը։

Նրան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելուց հետո ենթադրություններ արվեցին, որ այդ հանգամանքը կարող է քաղաքականացնել հայկական ֆուտբոլը։ Առանց այն էլ իր թուրքամետ տեսակետներով հայտնի Արմեն Մելիքբեկյանի ներկայությունը ՀՖՖ նախագահի պաշտոնին սպորտը քաղաքականացնելու ուղիղ ճանապարհ էր, իսկ այժմ՝ Պետրակովի նշանակումից հետո ճնշումներն ահագնացել են նաև Ուկրաինայից։

Կարճ ժամանակ առաջ ուկրաինական ֆուտբոլի լեգենդ Լեոնիդ Բուրյակը քննադատել էր իր համերկրացուն՝ Հայաստանի հավաքական Ռուսաստանի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ հրավիրելու համար։ Թեև Պետրակովը կարողացավ դիմադրել ճնշման առաջին ալիքին, սակայն այդ պրեսինգը մշտապես ուղեկցելու է նրան, փորձելու են մարզչին պարտադրել ռուսաստանյան ակումբներում խաղացող ֆուտբոլիստներ չհրավիրել, եթե ունի այլ երկրներից խաղացողներ հրավիրելու այլընտրանք։

Անգամ նախախաղային ասուլիսում այդ հարցը չշրջանցվեց։ Ռուսական «Սպորտ-Էքսպրեսս»-ի մեկնաբան Իգոր Ռաբիները ուղիղ հարցրեց Էդուարդ Սպերցյանի և Նաիրի Տիկնիզյանի մասին, Պետրակովը նյարդային ձգվեց, մի քանի անգամ շեշտեց, որ այդ ֆուտբոլիստներն առաջին հերթին հայ են։

Փաստելով ֆուտբոլիստների ազգային պատկանելությունը՝ մարզիչը, կարծես, խոստովանեց, որ այլ պարագայում դժվար թե Ռուսաստանի առաջնությունից այլազգի ֆուտբոլիստ հրավիրելու հնարավորություն կունենա։ Ամեն դեպքում, Հայաստանի հավաքականի մարզչի վրա քաղաքական ճնշումն ավելանալու է, ինչն էլ իր բացասական հետևանքն է ունենալու թե՛ հավաքականի ընդհանուր մթնոլորտի, թե՛ ցուցադրած խաղի վրա։ Իսկ այսօր կայանալիք Հայաստան-Թուրքիա մրցավեճը չափազանց բարդ է լինելու։

Անկախ ամեն ինչից հաջողություն մաղթենք մեր ֆուտբոլիստներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular