ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երուսաղեմում պղծել են հին հայկական տաճարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ria.ru–ն գրում է, որ Երուսաղեմում պղծել են 12-րդ դարի հայկական Սուրբ Հակոբյանց եկեղեցին, հարձակվողները եկեղեցու պատերին վիրավորական գրություններ են թողել: Այդ մասին հայտնել է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի գրասենյակի ղեկավար Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։ Ըստ հոգևորականի խոսքերի «արմատականները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու պատերին վիրավորական բովանդակությամբ եբրայերեն գրություններ են թողել»։ Նրա խոսքով դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ին։ Հոգրորոկանը մանրամասնել է, որ մինչ միջադեպը հայերի հասցեին սպառնալիքներ կամ հայտարարություններ չեն եղել։ Ինչպես նշել է Կորյուն վարդապետը, ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանը բողոք է ներկայացրել Իսրայելի ոստիկանություն և իրավապահ մարմիններ, տեղյակ է պահել քաղաքային իշխանություններին, որոնք հեռացրել են մակագրությունները։ Նա հավելել է, որ դեպքի վայրը շուրջօրյա տեսահսկում է, ըստ նրա վանդալներն, ամենայն հավանականությամբ,  արդեն բերման են ենթարկվել։


Հարցին, թե ո՞վ կարող էր դա անել և ի՞նչ նպատակով, Կորյուն վարդապետը պատասխանել է, որ «նրանք ... արմատականներ են, որոնք այսպիսով արտահայտում են իրենց բացասական վերաբերմունքը քրիստոնյաների և Հին քաղաքի այլ համայնքների նկատմամբ»: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ անհանդուրժողականության նման դրսևորումները պարբերաբար դատապարտվում են ինչպես հրեական հոգևորականների, այնպես էլ ԱԳՆ-ի, ինչպես նաև Իսրայելի իրավապահների կողմից։ «Մենք հուսով ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով, և նման դեպքերի կրկնություն չի լինի»,- ասել է վարդապետը։


Սուրբ Հակոբյանց տաճարը կառուցվել է XII դարում Հին քաղաքի հայկական թաղամասում և նվիրված է Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս առաքյալին։ Երուսաղեմի Հին քաղաքում կա առանձին հայկական թաղամաս, որը հիմնադրվել է 7-րդ դարում։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, հունական և լատինական պատրիարքարանների հետ միասին, իրավունք ունի ունենալ Սուրբ Երկրի որոշ գլխավոր սրբավայրեր, այդ թվում Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան և Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարները: Երուսաղեմի պատրիարքարանը Հայ առաքելական եկեղեցու ինքնավար պատրիարքարան է, որը ճանաչում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգևոր իշխանությունը։ Պատրիարքի նստավայրը գտնվում է Հին քաղաքի հայկական թաղամասում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular