ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը սպառնում է Հայաստանին և Իրանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական իշխանությունները վերջին օրերին կոշտացրել են իրենց ռազմատենչ հռետորաբանությունը, ընդհուպ սպառնալիքներ տալով ոչ միայն Հայաստանին, այլև հարևան Իրանին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսագիտություն» միջազգային համաժողովում կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին», հայտարարել, թե այդ միջանցքն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այն օգուտ կբերի բոլոր շահագրգիռ կողմերին։ Ավելին, նա պնդել է, թե Զանգեզուրի միջանցքը իմ վերջին զրույցի ժամանակ քննարկել ենք ռուս պաշտոնյաների հետ։ «Ես չեմ կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել այս միջանցքը։ Ինչ վերաբերում է Իրանին, կարծում եմ, նա էլ դա չի անի՝ հաշվի առնելով տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ իր հետաքրքրությունը։ Որովհետև այդ նախագծերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ, ընդհակառակն, միայն ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի են»,- հավելել է Ալիևը։

Ըստ էության, Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը փաստում է, որ նա արդեն պայմանավորվածություններ ունի Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանի շահերն ու ցանկությունները որևէ մեկին չեն հետաքրքրում։ Անդրադառնալով Իրանին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, թե «ադրբեջանական տարածքների «օկուպացիայի» ընթացքում Իրանի զինված ուժերը երբեք որևէ զորավարժություն չեն անցկացրել Ադրբեջանի սահմանի հատվածում»։

«Նրանք կարող էին դա անել: Ադրբեջանական սահմանի 132 կիլոմետրը եղել է «օկուպացիայի» տակ: Եվ սա Ադրբեջանի և Իրանի սահմանն է։ Իսկ ինչո՞ւ նրանք այս սահմանին զորավարժություններ չեն անցկացրել»,- ասել է Ալիևը և շարունակել, թե Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար։

«Ինչո՞ւ նրանցից ոչ մեկը նույնը չի ասում մեր մասին։ Որևէ մեկը Իրանի պաշտոնատար անձանցից լսե՞լ է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար։ Ոչ: Սա պարզ հարց է, որը տալիս է ադրբեջանական ժողովուրդը։ Ոչ միայն ես»,- նշել է Ալիևը:

Իրանի հետ հարաբերությունները սրելուն միտված հաջորդ հայտարարություններն էլ այն էր, թե Ադրբեջանը պաշտպանելու է Իրանի տարածքում բնակվող ադրբեջանցիներին։ Սա, նշենք, Իրանի ամենամեծ կարմիր գիծն է, ինչը վկայում է՝ Ադրբեջանը գնում է սրման այդ երկրի հետ, որի հետևանքները քաղելու է ողջ տարածաշրջանը։ 

Նինա Իսկանդարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular