ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում իրադարձությունները զարգանում են գլխապտույտ արագությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում իրադարձությունները զարգանում են գլխապտույտ արագությամբ։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանի պահանջով երեկ պաշտոնից ազատվել են կառավարության 9 անդամներ, բոլոր այն ոլորտներում , որոնք գտնվում են պետնախարարի համակարգման շրջանակներում, բացառությամբ ուժային բլոկի, որը համակարգում է նախագահ Արայիկ Հարությունյանը։ 9 նախարարներից 5-ին ընդհանրապես ազատել և նրանց փոխարեն պաշտոնակատար է նշանակել տեղակալներին։ Եվս 4 նախարարների ազատել են, սակայն ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել։

Ռուբեն Վարդանյանն առաջիկայում մեկնելու է Մոսկվա, որտեղ համապատասխան ճշգրտումներ անելուց հետո արդեն կառաջարկի իր կաբինետը։ Ամենաուշագրավ հարցը, թե՞ ով է լինելու Արցախի արտաքին գործերի նախարարը, թեև Դավիթ Բաբայանը պաշտոնակատար է նշանակվել, սակայն ամենայն հավանականությամբ նա կհեռացվի նախարարի պաշտոնից և մեկ ուրիշ թեկնածուի կնշանակեն։

Մամուլում շրջանառվում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի , նույնիսկ Նիկոլ Փաշինյանի օրոք մի կարճ ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արա Այվազյանի անունը։ Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս երկուսին էլ, ըստ ամենայնի, չեն նշանակի նախարարի պաշտոնում։ Ռուբեն Վարդանյանը որքան էլ հակասություններ ունի Հայաստանի իշխանությունների հետ , առայժմ չի փորձի սրել իրավիճակը և քանի որ Փաշինյանը խնդիրներ ունի թե՛ Վարդան Օսկանյանի և թե՛ վերջին շրջանում իր ակտիվ ընդդիմադիր դարձած Արա Այվազյանի հետ։
Պետնախարարը ստեղծված իրավիճակը մեկնաբանել է ֆեսբուքյան իր էջում, նշել , թե ոչ ստանդարտ լուծումներ են պետք, նա նաև ելույթ է ունեցել Արցախի Ազգային ժողովում, իրավիճակը համեմատել հայրենական պատերազմի հետ։

Մեկ այլ ուշագրավ իրադարձություն էլ է երեկ եղել Արցախում, նախագահ Արայիկ Հարությունյանը հետ է կանչել սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Թեև պաշտոնապես նշվում է, որ այն հետ է կանչվել լրամշակման, սակայն նախագծի հետկանչն ավելի շատ կապված է Ռուբեն Վարդանյանի անձի հետ։ Բանն այն է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է նախագահական համակարգից անցում կատարել կիսանախագահական համակարգի, և այդ դեպքում Ռուբեն Վարդանյանին պետք է Հարությունյանը նշանակեր վարչապետի պաշտոնում՝ նրան ավելի մեծ լիազորություններով օժտելով։

Ըստ երևույթին, Հարությունյանն ինքնագլուխ կամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով փորձում է Ռուբեն Վարդանյանին զրկել այդ հնարավորություններից։ Մի կողմից կատարում է նրա պահանջը ՝ հեռացնելով նախարարներին, մյուս կողմից էլ փորձում հնարավորինս թույլ չտալ դիրքերի ավելի շատ ուժեղացում։ Ամեն դեպքում Արցախում էլ հստակ գիտակցում են, որ Հարությունյանն այլևս իվիճակի չէ որևէ կերպ պաշտպանել Արցախի շահերը և վերածվել է Նիկոլ Փաշինյանի խամաճիկի։ Եվ միայն Ռուսաստանում և արտերկրում լուրջ կապեր ունեցող Ռուբեն Վարդանյանի հետ հնարավոր կլինի ձեռնամուխ լինել Արցախում իրավիճակի շտկմանը։

Կարեն Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular