ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հիմքեր է ստեղծում նոր հարձակման համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստանի հանդեպ ադրբեջանական նոր ագրեսիայի վտանգը չի նվազել»,- նախօրեին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով միջազգային հանրությանը հասցեական աջակցություն տրամադրել Հայաստանին։

Մինչ Փաշինյանն ու իր իշխանության տարատեսակ ներկայացուցիչներ փորձում են Արևմուտքի միջոցով դիվանագիտական ճնշման ենթարկել Ադրբեջանին, թշնամի պետությունը շարունակում է հրադադարը խախտել և զուգահեռ միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսելու համար։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրերի այցելությունից։ Պատճառաբանվել է, թե իբր սեպտեմբերի 13-ին և 14-ին հայ-ադրբեջանական սահմանին և ռազմական գործողություններով պայմանավորված՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Ընդ որում այս անգամ նախազգուշացման մեջ ընդգրկվել է նաև Տավուշի մարզի M4 մայրուղին, Իջևանից հյուսիս և դեպի Արևելյան շրջանները, ցուցակում է նաև Գեղարքունիքի մարզը՝ Սևանա լճից դեպի արևելք և հարավ, Արարատի մարզի Երասխ գյուղը, Վայոց ձորի մարզը՝ Եղեգնաձորից արևելք, Սյունիքի մարզը և Լեռնային Ղարաբաղը։

ԱՄՆ դեսպանատունը նման նախազգուշացում նաև սեպտեմբերի 13-ին էր տարածել, երեկ մի նախազգուշացում էլ Ֆրանսիան է տարածել։ Համանախագահ երկրների այս հայտարարությունները վկայում են, որ նրանք տիրապետում են տեղեկությունների, թե ինչ է իրականում կատարվում սահմանամերձ հատվածում, և ինչ վտանգավոր զարգացումներ կարող են լինել։

Այս երկու դեսպանատների հայտարարությունները ուշագրավ է Ադրբեջանի գործողությունների ֆոնին։ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարը, երեկ առավոտյան զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն էլ հայտարարություն էր տարածել, թե իբր Տավուշի մարզի ուղղությամբ հայկական ստորաբաժանումներն են տարբեր ուղղություններով կրակել իրենց դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։ Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել էր այդ տեղեկությունը։

Հիշեցնենք, հրադադարի խախտումների մասին Ադրբեջանը նաև օրեր շարունակ տարածում էր սեպտեմբերի 13-ի հարձակումից առաջ և մեծ հավանականությամբ հենց հիմա էլ թշնամին փորձում է քարոզչական ֆոն ապահովել իր համար՝ Հայաստանի դեմ նոր, ավելի լայնածավալ ագրեսիա սկսելու։

Թե ի՞նչ է անում այս պայմաններում Հայաստանի իշխանությունը և ինչո՞վ է փորձում ապահովել ազգաբնակչության անվտանգությունը, թերևս չարժե ասել։ Տրվել է բացարձակ անգործության և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին թողել միայնակ՝ դեմ հանդիման թշնամական զորքերի հետ։ 

Դանիել Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular