1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարիամ Մկրտչյանը բացառիկ արդյունքով նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը

ՍՊՈՐՏ

Ռումինիայի Մամայա քաղաքում օրերս ավարտվել է շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնս հանդես է եկել Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը, որը Մ18 տարեկանների պայքարում հաղթել է բոլոր 11 պարտիաներում և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հայ շախմատիստուհին խոստովանում է՝ իր համար անսպասելի էր բացարձակ արդյունքով աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճելը. «Երբ մեկնում էի աշխարհի առաջնության, ընդհանրապես չէի մտածում արդյունքի մասին: Չէի մտածում՝ արդյոք կկարողանա՞մ չեմպիոն դառնալ, թե՞ ոչ …. մտածում էի միայն այն մասին, որ պետք է լավագույնս հանդես գալ և առավելագույն միավորներ վաստակել: Տեղում արդեն մտածում էի միայն հաջորդ պարտիայի մասին և այնպես էր ստացվում, որ տուրից տուր հաղթում էի: Զգում էի, որ իմ հանդեպ վերաբերմունքն էլ փոխվել է, դահլիճում արդեն ավելի ուշադիր էին լինում իմ պարտիաներին, նայում էին, թե ինչպես էի խաղում, քանի որ 1957 թվականից ի վեր ոչ-ոքի չէր հաջողվել 11 անընդմեջ հաղթանակ տանել այս առաջնությունում: Այնպես որ, ինձ համար ևս արդյունքը շոկային էր»:

Մարիամ Մկրտչյանն ասում է՝ բոլոր 11 պարտիաներն էլ հետաքրքիր են ստացվել, իսկ մրցակցությունը բավական բարդ է եղել. «Շատ ուրախ և հպարտ եմ, որ կարողացա հաղթահարել բոլոր դժվարություններն ու հաղթող ճանաչվել աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում: Ընդհանուր առմամբ բոլոր պարտիաներն էլ հետաքրքիր էին, իսկ յուրաքանչյուր հաղթանակով ավելի էի մոտենում չեմպիոնությանը: Մրցակցությունն իսկապես մեծ էր, մրցակիցներս ավելի փորձառու էին և նրանք էլ էին պայքարում մրցանակային տեղերի համար, այնպես որ բարդ էր: Նախկինում պատանեկան մրցաշարերի մասնակցության փորձ ունեի, սակայն վերջին տարիներին միշտ մի փոքր խանգարում էր և չէի կարողանում մրցանակային տեղ զբաղեցնել»:

Մարիամ Մկրտչյանի խոսքով՝ աշխարհի պատանեկան առաջնությունում ամենազգացմունքային պարտիան անցկացրել է Ադրբեջանի ներկայացուցչի դեմ սեպտեմբերի 13-ին, երբ իմացել է ՀՀ տարածքի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին. «Հետևում էինք այն ամենին, ինչ կատարվում էր մեր հայրենիքում: Հենց հաջորդ օրը պետք է մրցեի Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Հոգեբանորեն շատ ծանր էր խաղին պատրաստվելը, որպեսզի այդ լարվածությունն ու մտքերը չխանգարեն ինձ հենց տախտակի առջև»:

Մարիամ Մկրտչյանն աշխարհի առաջնությունում տարած այս հաղթանակը նվիրում է ՀՀ սահմանը պահող զինվորներին:

Մարիամ Մկրտչյանն այս տարվա հունվարին է ընդգրկվել Հայաստանի կանանց հավաքականի կազմում, երբ նվաճել է Հայաստանի չեմպիոնությունը: Ասում է՝ հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրեասյանի հետ փետրվարից սկսել են մարզումներն ու նախապատրաստական շրջանը. «Բավական լուրջ աշխատանքներ ենք տարել՝ շեշտը դնելով հիմնականում սկզբնախաղերի և խաղային որակները բարելավելու վրա: Վերջին մրցաշարերում արդեն երևում էին այդ փոփոխությունները, ես կիրառում էի մեր նախապատրաստած նորույթներն ու շատ ուրախ եմ, որ ստացվեց լավ հանդես գալ»:

Նշենք՝ հոկտեմբերի 11-ից Մարիամ Մկրտչյանն Իտալիայում մասնակցելու է մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնությանը: Ասում է՝ պետք է շարունակի պատրաստվել և լավագույնս հանդես գալ այդ ստուգատեսում:

Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացված շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից ևս երկուսը վերջին տուրից առաջ հավակնում էին մրցանակային տեղերի, սակայն անմասն մնացին մեդալներից: Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում Էմին Օհանյանը վերջին տուրում պարտվել է Իսպանիայի ներկայացուցչին և 7,5 միավորով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

Տարիքային նույն խմբում Արսեն Դավթյանն առավելության է հասել ղազախ Բեկսուլթան Մոլդաղալիի նկատմամբ և 7,5 միավորով գրավել է 9-րդ տեղը: Ալեքս Սահակյանն էլ հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Անտոն Զլատկովին ու վաստակած 7 միավորով գրավեց 18-րդ տեղը:

Մեդալի էր հավակնում նաև մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից Մամիկոն Ղարիբյանը, սակայն վերջին տուրում պարտվել է և 7,5 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը:

Հայաստանն աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցել է 12 մարզիկով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular