ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երրորդ «դեղին քարտը» Մոսկվայից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվան արդարացված չի համարում Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի հասցեին հնչող որոշ քննադատությունը։ Այս մասին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը։ Ըստ էության, սա Մոսկվայի պատասխանն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին։

Կառավարության նախորդ նիստում Փաշինյանը հայտարարել էր, թե 2020 թվականի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր:

«2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը»,- նշել էր Փաշինյանը:

Լավրովի հեգնախառն արտահայտությունից և ՀՀ ԱԳՆ կողմից կիսատ-պռատ հերքումից հետո սա արդեն նոր, թերևս ավելի ցածր տրամաչափի պաշտոնյայի կողմից պատասխան է Փաշինյանին։ Նեչաևի խոսքով, քաղաքական ակտիվ շփումների հետ միասին ինտենսիվ աշխատանք է տարվում նաև ռուս խաղաղապահների հետ, որոնք նախաձեռնում են անհրաժեշտ ջանքեր՝ իրավիճակը կայունացնելու համար. «Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում ավելի վաղ քանիցս նշել են ռուսական խաղաղապահ զորակազմի կարևոր դերը»։

Նեչաևը հիշեցրել է, որ օգոստոսի 2-ին և 8-ին տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումներ են ունեցել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Վերը նշված բոլոր հարցերը, ներառյալ իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ, խորհրդակցությունների նյութ են՝ լուծում գտնելու նպատակով, որը հարմար կլիներ ադրբեջանական և հայկական կողմերի համար։ Խնդրի զգայուն լինելը հաշվի առնելով՝ ռուսական կողմը չի բարձրաձայնում քննարկվող պայմանավորվածությունների մանրամասները»,- նշել է նա։

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները կհասկանան այս «դեղին քարտի» իմաստը, կփորձեն աշխատել Ռուսաստանի հետ, թե՞ կշարունակեն մեղադրանքների միջոցով հարաբերվել՝ խնդիրներ հարուցելով ՀՀ և Արցախի համար, ցույց կտա ապագան։

Նորայր Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular