ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական մտրակի և բլիթի միջև. ե՞րբ կհանդիպեն բանագնացները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիան արագացնում է հայ-թուրքական կարգավորման բանագնացների հանդիպումը, միաժամանակ հրաժարվում այն այլ երկրներում անցկացնելու մտքից։ Թուրքական A Haber հեռուստաալիքը, վկայակոչելով ԱԳՆ-ի իր աղբուրներին, հայտնել է, թե Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը կայանալու է սեպտեմբերին։

«Հայաստանի հետ հինգերորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերին։ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ գործընթացը փխրուն է, անհրաժեշտ է հասնել հաստատուն խաղաղության», - հայտնել է հեռուստաալիքը։

Թուրքական իշխանությունները դեմ են, որ այս հանդիպումը կայանա երրորդ երկրում, ինչպես մինչ այս եղել է։

«Դա թշնամիների հանդիպում չէ, չի կարելի այն անցկացնել երրորդ երկրում», - ասել է աղբյուրը։

Թուրքական իշխանությունները բազմիցս են նշել, որ հանդիպումները պետք է կայանան Երևանում կամ Անկարայում, նախորդ հանդիպումը, սակայն, հայկական կողմի պնդմամբ, կայացել էր Վիեննայում։ Մինչ այդ «բարեկամական» ժեստեր անող թուրքական իշխանությունները շարունակում են հեգնել և ծաղրել Հայաստանի իշխանություններին։

Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, թե աշխարհում հնարավոր չէ խաղաղություն հաստատել խաղաղության մասին ելույթներով։

«Ակնհայտ է, որ առանց մարտի դաշտում ուժեղ լինելու դժվար է բանակցային սեղանի շուրջ ձեռքբերումներ ունենալ»,- ծաղրել էր Էրդողանը և հավելել, թե միջազգային հանրությունը էական քայլ չի արել Հայաստանի մոտ 30 տարի տևած «օկուպացիոն» քաղաքականության դեմ, իսկ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո «օկուպացիան» (չակերտները՝ խմբ.) ավարտվել է։

Երեկ էլ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը ելույթ է ունեցել Անկարայում գումարված Դիվանագետների 13-րդ համաժողովում և պատմական մի դրվագ է հիշեցրել. «Հայտնի խոսք է՝ քանի դեռ ձեր ուժի ստվերը չի ընկել բանակցային սեղանի վրա, չեք կարող դիվանագիտություն անել։ Իրավիճակը լրիվ իմաստով այսպիսին է․ օրինակ, 1920թ. մեր առաջին արտգործնախարար Բեքիր Սամի Բեյի՝ Մոսկվա այցի ընթացքում Թուրքիային աջակցության դիմաց հայերին Արևելյան Անատոլիայում հող տալու պայմանն առաջ քաշածները 7 ամիս անց այդ պահանջից հրաժարվեցին և 1921թ. մարտի 16-ին բարեկամության պայմանագիր ստորագրեցին»։

Այս ամենը վկայում է, որ մի կողմից թուրքական իշխանությունները խոսում են իբր հաշտություն հաստատելու մասին, մյուս կողմից՝ սպառնալիքներ տալիս, ահաբեկում հայկական կողմին, որ իրենց նախապայմանները չանելու դեպքում, խնդիրներ կունենանք։ 

Հրանտ Սարգսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular