ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է հավակնում «սուպերնախարարի» պաշտոնին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններից հետո, գործող իշխանությունները ձեռնամուխ են լինելու Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքներին։ Այսօր արդեն ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության մի շարք առանցքային դեմքեր հավակնում են զբաղեցնել Ներքին գործերի սուպերնախարարի պաշտոնը։ Նիկոլ Փաշինյանը այդ պաշտոնը խոստացել է առնվազն մի քանի իր կողմնակիցներին, սակայն երեկվանից այլևս Ներքին գործերի նոր նախարարի պաշտոնին հավակնում է նաև Ազգային ժողովի Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Վերջինս տևական ժամանակ հայտնվում է մամուլի թիրախում, իր էքսցենտրիկ պահվածքի, 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովում կատարած գործողությունների, ինչպես նաև ընդդիմության դեմ իր իրականացրած զազրելի արշավի հետևանքով։ Մեր տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Քոչարյանը ինքն է Նիկոլ Փաշինյանին առաջարկել սուպերնախարարի պաշտոնում նշանակելու իրեն, համոզել է, թե միայն ինքը կարող է վերահսկողություն իրականացնել թե՛ Արտակարգ իրավիճակների նախարարության և թե՛ ոստիկանության նկատմամբ։

Քոչարյանը, որը 90-ականներին եղել է Ներքին գործերի նախարարի, ապա և Պաշտպանության նախարարի տեղակալ, գործող իշխանության կազմում թերևս ամենալավն է պատկերացնում նոր նախարարության լիազորությունները և հնարավորություները, իսկ օրենսդրական փոփոխություններն այժմ իրականացվում են հենց նրա գլխավորած հանձնաժողովի միջոցով։

Մեր աղբյուրի փոխանցմամբ նա Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ չնայած բազմաթիվ «արժանավոր» թեկնածուներ կան այդ նախարարի պաշտոնի համար, սակայն միայն ինքն է ի վիճակի լռեցնելու և զսպելու իրավապահ կառույցի բոլոր աշխատակիցներին, նրանց պարտադրելու կատարելու Փաշինյանի բոլոր քմահաճույքները։ Ի դեպ Անդրանիկ Քոչարյանի այս վարքը հարուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բազմաթիվ հին անդամների դժգոհությունը, որոնք չեն ցանկանում երկրի առանցքային պաշտոններից մեկը թողնել մի անձի, որը նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ։

ՔՊ վարչության անդամներից շատերը Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են այս հանգամանքը և նրան տեղեկացրել, որ Անդրանիկ Քոչարյանը նման պաշտոն ստանալու դեպքում կարող է դուրս գալ վերահսկողությունից և ոչ թե կանխել Փաշինյանի դեմ հնարավոր որևէ հեղաշրջում, այլ ինքը հենց հեղաշրջում իրականացնել գործող իշխանությունների դեմ՝ նրանց հեռացնելու նպատակով։ Փաշինյանն առայժմ որևէ կողմին որևէ պատասխան չի տվել, առայժմ ծանր ու թեթև է անում, թե սեփական կյանքի և առողջության նկատառումներից ելնելով, որը ավելի ճիշտ կլինի, ում նշանակի այդ պաշտոնին, սակայն ինչպես նշել է մեր աղբյուրը, նա ավելի շատ հակված է իր հին և հավատարիմ զինակիցներից որևէ մեկին նշանակելու այդ պաշտոնին, այլ ոչ թե Անդրանիկ Քոչարյանին, որն առանց այն էլ վերջին շրջանում դարձել է իշխանական օլիգարխների սիրելի գործընկերը և նրանց հետ է պարբերաբար հացի սեղան նստում՝ տարբեր տեղերում էլ դժգոհելով Փաշինյանից և նրա իշխանության անդամներից։

Գարիկ Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular