ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան պատրաստ է աջակցել երկու երկրների միջև երկխոսության շարունակմանը. Մակրոնն ու Ալիևը քննարկել են իրավիճակն Արցախում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ, նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման կարևորությունը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների կատարումը։

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել երկու երկրների միջև երկխոսության շարունակմանը, հաղորդում է Ալիևի մամուլի ծառայությունը։

Մինչդեռ Ալիևը նշել է «Ադրբեջանի տարածքից» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի զինված ուժերի և հայկական «անօրինական զորամիավորումների» (չակերտները՝ Tert.am) տարրերի դուրսբերումն ապահովելու անհրաժեշտությունը։ Ըստ Ալիևի՝ հայկական կողմը դա դեռ չի ապահովել, ինչն իր հերթին պաշտոնական Երևանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում է:

Նա նաև  ընդգծել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, Եռակողմ հայտարարության դրույթների համաձայն, որոշվել է Լաչինի միջանցքին այլընտրանքային նոր ճանապարհի երթուղին, և ադրբեջանական կողմն ավարտում է այս ճանապարհի շինարարությունը։ Աշխատանքներն ավարտվելուն պես, 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համաձայն, նախատեսվում է այդ ճանապարհին վերաբաշխել ռուսական խաղաղապահ ուժերը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաննն ասել էր, որ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը:

«Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա», - ասել էր Փաշինյանը:

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular