Ես էլ եմ համաձայն, որ քաղաքը շուտ պետք է արթնանա. Անի Խաչատրյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Օրերս Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում:
Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը բացասական ոչինչ չի տեսնում քաղաքապետի որոշման մեջ.
«Նախաձեռնությունը վատը չէ: Երաժշտությունն ընդամենը վարչական շենքերի մոտ է հնչելու, «Էրեբունի-Երևան» երգից մի քառատող, ընդ որում, քաղաքապետարանի մոտ հնչող երաժշտությունը մի քանի անգամ բարձր է: Կարծում եմ՝ երաժշտությունը խանգարել չի կարող, ընդամենը կողքով անցնողների ականջը կշոյի:
Բուռն քննարկման առարկա դարձավ նաև քաղաքապետի այն ձևակերպումը, թե «քաղաքը պետք է վաղ արթնանա»: Մարդիկ սկսեցին իրենց իրավունքներից խոսել, որ իրենք են որոշում՝ երբ արթնանալ: Ես քաղաքապետի հետ չեմ քննարկել այս թեման, բայց իմ պատկերացմամբ՝ խոսքը բնավ մարդկանց վաղ արթնանալու մասին չէ, այլ Երևանի՝ աշխատանքային թիմի պարտականությունները ստանձնելու: Այո՛, ես էլ եմ համաձայն, որ քաղաքը շուտ պետք է արթնանա, տրանսպորտը պետք է յոթից էլ ավելի շուտ սկսի գործել: Այստեղ խոսքը անձերի քնից արթնանալու մասին չէ, դա ընդամենը արտահայտություն էր, որը շահարկվեց», - 1or.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Մարիամ Նալբանդյան