ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թաքնված գանձերի հետքերով». Նոյեմբերյանի Թիվ 2 դպրոցի սաները տպագրել են իրենց առաջին օրացույցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
««Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի երկամյա ծրագրի շրջանակներում իմ երեխաների հետ ամիսներ շարունակ մի նախագծի վրա էինք աշխատում, որի շրջանակներում տպագրեցինք սեղանի օրացույց: Օրացույցի յուրաքանչյուր էջին պատկերված են Նոյեմբերյանի թաքնված գանձերը՝ տեսարժան վայրերը, նշանավոր մարդիկ և այլն»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է Նոյեմբերյանի Թիվ 2 հիմնական դպրոցի դասվար Աննա Անտոնյանը:
 
Օրերս դպրոցի դահլիճում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ 4-րդ «բ» դասարանի աշակերտները, դասվար Աննա Անտոնյանի հետ, հրավիրյալներին մատուցեցին նախագծի վերջնարդյունքը՝ «Թաքնված գանձերի հետքերով» խորագիրը կրող օրացույցը։
 
Օրացույցի յուրաքանչյուր էջին Նոյեմբերյանի կարևոր հուշարձանների, դեմքերի, թաքնված գանձերի լուսանկարներն են՝  դրանց վերաբերյալ հակիրճ տեղեկատվությամբ: Երեխաները միջոցառման պատվավոր հյուրերին նվիրեցին մեկական օրացույց, տեղում իրականացրին վաճառք` հետագայում պահանջարկ ունենալու դեպքում կրկին հրատարակելու նպատակով։
 
4-րդ «բ» դասարանի ծնողական խորհրդի նախագահ Լուսինե Անանյանն ակտիվորեն մասնակցել է նախագծի իրականացման աշխատանքներին: Վերջինիս խոսքով` պատանի առաջնորդների շարժման մեկնարկն արդեն տրված է Թիվ 2 հիմնական դպրոցում` շնորհիվ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի, ուսուցիչ-առաջնորդ Աննա Անտոնյանի և 4-րդ «բ» դասարանի փոքրիկ առաջնորդների.
 
«Ես մշտապես եղել եմ մեր ձգտող, աշխատասեր և կրթության մեջ նորարարությունները կարևորող դասվարի կողքին։ Ստացվեց այնպես, որ աշխատանքից դուրս գալս համընկավ երեխաների նախագծի մեկնարկին, և որոշեցի ամեն կերպ օգտակար լինել, իհարկե, մեր ծնողների հետ։ Երեխաները սկզբնական շրջանում այդքան էլ լավ չէին պատկերացնում իրենց աշխատանքը, հոգնում էին, որոշ երեխաներ կես ճանապարհից լքեցին նախագիծը, սակայն ընկեր Աննան ոչինչ չխնայեց՝ պատկերացում տալու, ինչպես նաև ինֆորմացիոն առումով երեխաներին զինելու համար։
 
Շատ դժվարությունների միջով անցանք, մասնավորապես ֆոնդհայթայթման փուլում, սակայն հաղթահարեցինք և կարողացանք նպատակասլացության ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ նախագիծը կյանքի կոչել։ Ավելի հաճելի զգացողություն, քան սեփական երեխաների հաջողությունները տեսնել, երևի թե ծնողի համար չկա։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել մեր դասվարին ձեռքբերումների առիթով, շնորհակալ լինել «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրին, մեր համերաշխ ու շնորհաշատ ծնողական թիմին և բոլոր աջակիցներին»։
 
Մարիամ Նալբանդյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular