ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…ակադեմիական թիավարություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիական թիավարության պատմությունը սկսվել է 16-րդ դարի Անգլիայից: Այն ժամանակներում Լոնդոնում թիավարները սիրում էին կոմիկական մրցույթներ կազմակերպել։ Ուղևորներ և բեռներ տեղափոխելով Թեմզա գետով նրանք ջանում էին ցույց տալ լավագույն արագությունն ու հմտությունը իրենց նավերը կառավարելու գործում: Նկատելով դա տեղացի դերասան Թոմաս Դոգեթը 1715 թվականին որոշել է կազմակերպել բայդարկաների առաջին պաշտոնական մրցույթը։ Այդ մրցավազքը շարունակվում է մինչև այսօր համարվելով Միացյալ Թագավորության ամենահեղինակավորներից մեկը: Անգլիայի համալսարանների ուսանողների նախաձեռնության շնորհիվ 1829 թվականին տեղի է ունեցել «Օքսֆորդ-Քեմբրիջ»-ի մրցույթը, որը կոչվում էր The Boat Race («Նավակային մրցույթ») և դա դարձել է Անգլիայի թիավարների խորհրդանիշը: 1839 թվականից անց է կացվում Հենլի ռեգատան, որը ավանդական հնգօրյա մրցույթ է Թեմզայի ջրերով Հենլի Օն-Թեմզա քաղաքի մոտ։ Արդեն 12 տարի անց այն սկսել է անցկացվել թագավորական ընտանիքի հովանու ներքո, ինչի արդյունքում էլ ստացել է ամենաբարձր կարգավիճակը և սկսել է կոչվել Հենլի թագավորական ռեգատա։

Հետագայում այդ տպավորիչ սպորտի ժողովրդականությունը դուրս գալով Անգլիայից սկսում է թափ հավաքել եվրոպական մայրցամաքում, որտեղ 1884-1887 թվականներին հայտնվել են գերմանական, շվեյցարական, բելգիական թիավարման ակումբներ: ԱՄՆ-ում և Կանադայում թիավարման առաջին ակումբները հայտնվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ Ամերիկայում աշխարհի ամենամեծ մրցույթը երկօրյա «Չարլզ ռեգատա»-ն է, որը տեղի է ունենում ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոնն ու Քեմբրիջը բաժանող գետի վրա։ 

1892 թվականին ստեղծվել է Թիավարության միջազգային ֆեդերացիան, որը հապավում է FISA, որը ներկայումս միավորում է թիավարության 105 տարածաշրջանային ֆեդերացիաներ։ Թիավարության միջազգային առաջնություններ սկսել են անց կացվել 1893 թվականից, երբ առաջին անգամ կայացել է Եվրոպայի առաջնությունը։ Թիավարությունը մտել է ամառային օլիմպիական խաղերի ծրագիր դրանից 7 տարի անց՝ 1900 թվականին։ 1976 թվականին Մոնրեալում կանայք նույնպես մասնակցել են այդ սպորտաձևի օլիմպիական մրցարշավներին։  Թիավարների մեջ աշխարհի ամենատիտղոսակիր մարզիկը շարունակում է մնալ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Սթիվ Ռեդգրեյվը։ Նա հնգակի օլիմպիական չեմպիոն է (1984, 1988, 1992, 1996 և 2000 թթ.) և աշխարհի յոթակի չեմպիոն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular