ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղորդակցությունները Բաքվին պետք չեն․ նրա խնդիրը Հայաստանի մասնատումն է, լիակատար մեկուսացումը. Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գարեգին Նժդեհի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձավ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած Շառլ Միշել- Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև եռակողմ բանակցությունների արդյունքներին ու հայտարարությանը, որը տարածել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը։

«Ըստ Շառլ Միշելի հայտարարության, Հայաստանը ճանաչում է ոչ միայն թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքները, այլև Բաքվի տարածքային ու կոմունիկացիոն ավելի լայն պահանջներ»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը։

Նա հիշեցրեց՝ իրենք բազմաթիվ անգամ ասել են, որ ինչպես սահմանագծման, այնպես էլ քարտեզների ու այսպես կոչված անկլավների շուրջ քննարկումները զուտ տեխնիկական խնդիր չեն, ինչպես ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, այլ ամբողջ Արցախը, նաև Հայաստանի մի շարք տարածքները փաթեթային, փաստաթղթավորված հանձնելու ծրագիր։

«Համաձայն այդ ծրագրի, հայկական Արցախն ամբողջությամբ փոխանցվում է Ադրբեջանին, Հայաստանը հրաժարվում է Արցախի և արցախահայության ինքնորոշման իրավունքը պաշտպանելուց։ Բացի այդ, Հայաստանի տարածքը մասնատվում է մի քանի միջանցնքներով՝ ի հաշիվ այդ տարածքների նկատմամբ ՀՀ ինքնիշխան իրավասության սահմանափակման կամ փաստացի վերացման»,- ասաց Արտակ Զաքարյանը։

Արդյունքում, նրա խոսքով, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից որպես տրանսպորտային միջանցք դիտարկվող կոմունիկացիաներով թուլանալու է Հայաստանի կապը Իրանի և Վրաստանի հետ։

«Հաղորդակցությունները Բաքվին առանձնապես պետք չեն։ Խնդիրը Հայաստանի տարածքի մասնատումն է՝ Հայաստանի լիակատար մեկուսացմամբ ու շրջափակմամբ։

Շառլ Միշելի կողմից Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի կապի հիշատակումը նշանակում է, որ Հայաստանը, Ադրբեջանը և ԵՄ-ն արդեն իսկ գնում են մի ճանապարհով, որտեղ Լեռնային Ղարաբաղը, որպես քաղաքական, աշխարհագրական միավոր, վերացած է, և Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունները համաձայնվել են Ալիևի կողմից սահմանված նոր վարչատարածքային բաժանման հետ, որտեղ ԼՂ հասկացություն ուղղակի գոյություն չունի։

Իսկ Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների վերաբերյալ ՔՊ-ական դատարկախոսությունները Արցախի ոչ մի կարգավիճակ չեն ենթադրում»,- նշեց Արտակ Զաքարյանը։

Նա պատահական չհամարեց այն հանգամանքը, որ այս օրերին Ադրբեջանում սկսել են խոսել Արցախի ժողովրդի՝ Ադրեջանի քաղաքացի համարվելու անհրաժեշտության մասին։

Արտակ Զաքարյանը հատկանշական համարեց նաև այն, որ բրյուսելյան բանակցություններից հետո հնչած հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մասին, որն այսօր, ըստ էության, Արցախի բնակչության անվտանգության ու հարաբերական խաղաղության միակ իրական երաշխիքն է։

«Իսկ սա նշանակում է, որ ինչ-որ մի պահից Ադրբեջանն ու Թուրքիան, Հայաստանի դավադիր իշխանությունների լուռ համաձայնությամբ, եթե իհարկե, մենք մինչև այդ չհաջողենք, բայց մենք հաջողելու ենք, պահանջ է ներկայացնելու Ռուսաստանին՝ խաղաղարարներին դուրս բերել՝ հիմնավորելով, որ իբրև թե, արդեն ունեն խաղաղության պայմանագիր, և Ադրբեջանը ստանձնել է Արցախի բնակչության իրավունքներն ու անվտանգության երաշխավորությունը»,- ընդգծեց Զաքարյանը։

Այս հերթական դավադրության հեղինակը Նիկոլ Փաշինյան անունով մեկ անձի իշխանությունն է, հավելեց նա ու վստահեցրեց՝ պայքարը պետք է շարունակել՝ թույլչտալու համար, որ հերթական ավանտյուրիստական ծրագիրն իրականանա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular