ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ փոփոխությունները սկսվում են փոքր քայլերից. Կարճաղբյուրի երիտասարդներն արդեն առաջին քայլն արել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«2021թ. սեպտեմբերին «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ֆեյսբուքյան էջից տեղեկացա «Ինովարիում» ծրագրի մասին։ Վերջինս շուրջ 5 ամսյա ճանապարհորդություն է, որի ընթացքում տարբեր առաջադրանքներ իրականացնելով և հավաքելով համապատասխան կրթապիտակները՝ գիտելիք, փորձ և հմտություններ ձեռք բերելուց բացի հավաքում ես անհրաժեշտ գումար՝ սեփական համայնքում որևէ խնդրին նորարար լուծում տալու համար։

Համայնքի ավելի քան 10 դպրոցական երիտասարդների հետ դիմեցինք այս ծրագրին։ Ամբողջ ճանապարհորդության ընթացքում սովորել ենք՝ ինչպես բացահայտել, վեր հանել համայնքում առկա խնդիրները, գտնել դրանց լուծման ուղիները և քայլեր ձեռնարկել այդ լուծումները կյանքի կոչելու ուղղությամբ։ Այս նպատակով մեզ ուսուցանվել են ծրագրեր մշակելու և դրանք իրականացնելու հմտությունները: Տարբեր դասընթացներից ու թիմային երկարատև քննարկումներից հետո մենք եկանք այն եզրակացության, որ ցանկանում ենք ակտիվացնել կյանքը համայնքում՝ զարկ տալով սպորտի զարգացմանը»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է Տիրուհի Հարությունյանը՝ Կարճաղբյուրում իրականացվող «Սպորտը հանուն զարգացման» ծրագրի ղեկավարը։ 

No description available.

Ծրագրի շրջանակում հավաքագրելով համայնքի երիտասարդներին, բացահայտելով հետաքրքրությունների շրջանակը՝ կազմակերպիչները համայնք հրավիրեցին վոլեյբոլի, յոգայի մասնագետների։ Արդյունքում ավելի քան 30 աշակերտներ մասնակցեցին նշված թեմաներով ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ դասընթացների:

Ծրագրի բուն մասը կազմում էր օրերս իրականացված սպորտային փառատոնը, որին մասնակցում էին ավելի քան 40 երիտասարդներ: Այն ներառում էր վազքի մրցույթ՝ երկու տարիքային խմբերով, սպորտային թեմաներով ինտելեկտուալ խաղ-մրցույթ, ինչպես նաև բակային մարզումներ, ցուցադրական ելույթներ։ Վերջինս իրականացնում էր «Street Workout Armenia»-ի ֆեդերացիայի թիմը, ովքեր նաև համապատասխան մարզասարքեր էին փոխադրել համայնք՝ մարզումների իրականացման համար։

Տիրուհու խոսքով՝ փառատոնի, ինչպես նաև մինչ փառատոնը կազմակերպված դասընթացների ընթացքում ստացած դրական էմոցիաները, մասնակիցների ժպիտները, սպասումը մի նոր ծրագրին ցույց տվեցին, որ ճիշտ խնդիր են ընտրել և ճիշտ ուղղությամբ աշխատանք կատարել.

«Կյանքը համայնքում իրապես փոխվել է, շատ-շատերը արդեն թերահավատորեն չեն մոտենում երիտասարդների կողմից նախաձեռնվող ծրագրերին և անգամ իրենք են սեփական աջակցությունը առաջարկում։ Եվ իհարկե մեր գործունեությունը այսքանով չի ավարտվում։ Արդեն ունենք համայնքում ձևավորված «Էվրիկա» կրթական ակումբը, որի անդամները նույնպես ծրագրում են նոր գաղափարներ կյանքի կոչել։ Բացի այդ, առաջիկա նպատակներից է համայնքում մարզահրապարակի կառուցումը: Վերջինիս նախագծի տրամադրման հարցում աջակցելու է Street Workout Armenia-ի ֆեդերացիայի թիմը, իսկ անհրաժեշտ գումարի ձեռքբերման ուղղությամբ մենք ենք քայլեր ձեռնարկելու։

Ուզում եմ հատուկ շեշտել, որ ամբողջ ծրագրի իրականացման ընթացքում աջակցություն ենք ստացել ինչպես համայնքի դպրոցից, այնպես էլ համայնքապետարանից: Մեծ փոփոխությունները սկսվում են փոքր քայլերից, և մենք արդեն սկսել ենք մեր առաջին քայլերը»։

No description available.

Երիտասարդական աշխատող, ԿԱԶԱ հիմնադրամի կողմից թիմի մենթոր Վահե Խաչիկյանը լիահույս է, որ որոշում կայացնողները՝ հատկապես տեղական մակարդակում կսկսեն խրախուսել և աջակցել երիտասարդներին.

«Մարզերում երիտասարդները հաճախ չունեն զարգացման, հնարավորություններին և իրենց միջավայրից դուրս տեղի ունեցող պրոցեսներին ծանոթ լինելու հնարավորություն։ Չափազանց կարևոր է, որ կառույցները մեծ քաղաքներից դուրս աշխատեն նաև երիտասարդների հետ և այս իմաստով ԿԱԶԱ հիմնադրամի նման նախաձեռնությունն իրոք շատ տեղին է և օգնում է հատկապես փոքր համայնքների երիտասարդներին՝ զարգացնելու իրենց հմտությունները, հավատալու, որ իրենք կարող են ինչ-որ բան անել և փոփոխել իրենց կյանքն ու համայնքը։

Կարճաղբյուրի երիտասարդներն իրենց համայնքում առաջին անգամ կարողացան իրականացնել մի մեծ միջոցառում, որին ներգրավված էին տարբեր ոլորտի սպորտային կառույցներ և ներկայացուցիչներ ու իհարկե նաև համայնքի պատանիներն ու երիտասարդները։ Ի՞նչն էր հետաքրքրական, որ միջոցառման բոլոր բլոկները որոշվել են համայնքի երիտասարդների կողմից, թե ի՞նչ սպորտաձևերով կազմակերպվեն ուսուցումներ ու ցուցադրություններ»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular