ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է դարձել սպանված Հասան Սայադ Խոդայի և ադրբեջանցի մարդասպան Օրխան Ասադովի կապի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 22-ին Թեհրանի կենտրոնական փողոցներից մեկում սպանված բարձրաստիճան զինվորական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետ Հասան Սայադ Խոդայը կապ ունի ադրբեջանցի մարդասպանի հետ, որն ուղարկվել էր Կիպրոս՝ ոչնչացնելու իսրայելցի գործարարներին և այնտեղ ձերբակալվել անցյալ տարվա սեպտեմբերին: Այս մասին հայտնում են իսրայելական աղբյուրները։

Պարզվել է նաև, որ սպանված Խոդայը եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ալ-Քուդսի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի աջ ձեռքը, ով սպանվել է Իրաքում երկու տարի առաջ՝ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով։

Խոդայը երկրորդ բարձրաստիճան ղեկավարն է, ով սպանվել է վերջին տարիներին:

Իրանցի իրավապահները փնտրում են Խոդայի սպանության մեջ ներգրավված անձանց։ Մահացածը եղել է Իրանի պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական համալիրի տեխնոլոգիական հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավարի օգնականը։ Նախնական տվյալներով՝ խոսքը պատվիրված սպանության մասին է։ Կան առնվազն երկու կատարող։ Հաղորդվում է, որ զինված հանցագործները եղել են մոտոցիկլետներով։ Մոտենալով ավտոմեքենային, որի մեջ եղել է ԻՀՊԿ-ի 50-ամյա սպան, նրանք կրակ են բացել։ Գնդապետի ուղղությամբ արձակվել է մոտ հինգ փամփուշտ։ Ստացած վերքերից նա տեղում մահացել է։ Մարդասպաններին հաջողվել է փախչել։ Նրանց ինքնությունը ներկայումս պարզվում է։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն։ Կառույցի հայտարարության մեջ, որը մեջբերում է Mehr լրատվական գործակալությունը, ասվում է, որ սպանությունն իրականացրել են «հակահեղափոխական տարրերը»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետի սպանությունը համընկել է իրանական լրատվամիջոցներում իսրայելական հետախուզության հետ կապ ունեցող լրտեսական օղակի հայտնաբերման մասին հաղորդագրությունների հրապարակման հետ։ Fars գործակալությունը գրել է, որ ձերբակալվել են «Սիոնիստական ​​ռեժիմի» հետ առնչություն ունեցող մի քանի անձինք։

Լրատվամիջոցները նշում են, որ Խոդայը աջակցել է Հեզբոլլահին և պաղեստինյան դիմադրության ուժերին՝ նրանց տրամադրելով ճշգրիտ կառավարվող զենքեր։ Նա 15 տարեկանում միացել է ԻՀՊԿ-ին։

Նշվում է նաև, որ սպանությունը տեղի է ունեցել Խոդայի` Սիրիա գործուղումից վերադառնալուց անմիջապես հետո։

Իր հերթին, իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ գնդապետ Խոդայը պատասխանատու է Իսրայելի քաղաքացիների և արտերկրում իսրայելական թիրախների դեմ ահաբեկչությունների ծրագրման և նախապատրաստման համար: Kan Bet ռադիոկայանի հաղորդմամբ՝ ահաբեկչություններ էին նախապատրաստվում Թուրքիայում, Կիպրոսում, Քենիայում եւ Կոլումբիայում, սակայն բոլոր հարձակումները կանխվել են իսրայելական Մոսադի կողմից։

Kan Bet-ը նաև հայտնել է, որ, ըստ ստացված տեղեկատվության, գնդապետ Սայադ Խոդայը վերջերս նշանակվել էր բարձր պաշտոնի Իրանի՝ ռազմական նպատակներով անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության ծրագրում։

Բացի այդ, լրատվամիջոցները հայտնել են, որ սպանված գնդապետը կապված է Կիպրոսում ձերբակալված ադրբեջանցի մարդասպան Օրխան Ասադովի հետ։ Անցյալ սեպտեմբերին Կիպրոսի հետախուզական ծառայությունները ձերբակալեցին ռուսական անձնագրով 38-ամյա ադրբեջանցի Ասադովին, ով ուղարկվել էր Կիպրոս՝ ոչնչացնելու այդ երկրում իսրայելցի գործարարներին, այդ թվում՝ միլիարդատեր Թեդի Սագիին։ Ավելի ուշ նրա հանցակիցներից մի քանիսը ձերբակալվել են։ Այնուհետև Իսրայելի կառավարությունը, ներառյալ պաշտպանության նախարար Բենի Գանցը, ասաց, որ իրանական հետախուզական գործակալությունների կողմից ծրագրված ահաբեկչությունը իսրայելցի գործարարների դեմ Կիպրոսում կանխվել է Իսրայելի հետախուզական գործակալությունների կողմից:

«Իրանը մնում է գլոբալ և տարածաշրջանային սպառնալիք, ինչպես նաև մարտահրավեր Իսրայելի համար, և մենք կշարունակենք աշխատել՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին և Իսրայել պետությանը ցանկացած սպառնալիքից», - ասել է ցը Քնեսետում:

Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Օրխան Ասադովը Ռուսաստանում համագործակցել է իրանական հետախուզական ծառայությունների հետ, և Մոսադը որոշ ժամանակ հետևել է նրան։ Ասադովը ձերբակալվել է հատուկ իսրայելական հետախուզության տրամադրած տեղեկատվության հիման վրա։ Այժմ պարզ է դարձել, որ հենց գնդապետ Խոդայն է կանգնած եղել Կիպրոսում իսրայելցի գործարարների վրա հարձակման հետևում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular