ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապիկի ծաղիկը նոր կորոնավիրուս կդառնա՞. մեկնաբանում է վարակաբանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության ավելի քան 90 դեպք առնվազն 12 երկրում, և ևս 50 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են եվրոպական ինը երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա), ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։ Մինչ այժմ, հիվանդության դեպքերն արձանագրվել են Աֆրիկյան երկրներում կամ կապված են եղել այդ երկրներ ճանապարհորդության հետ։

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ քիչ է հավանականությունը, որ նոր համաճարակը կորոնավիրուս կդառնա.

«Կապիկի ծաղիկը հայտնի է հիսունականների վերջից, լաբորատոր կապիկների շրջանում է արձանագրվել։ Յոթանասունական թվականներին մարդկանց շրջանում առաջին դեպքերն են արձանագրվել՝ փոխանցված կենդանիներից, սակայն հիվանդության աղբյուր հանդիսանում են ոչ միայն կապիկները, այլ նաև տարբեր կրծողներ։ Վարակի հիմնական շտեմարանը Աֆրիկան է, Աֆրիկյան մի շարք երկրներ, որտեղ հարուցիչը շրջանառվում է այդտեղ բնակվող կենդանիների շրջանում»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Տեր-Ստեփանյանը։

Համաճարակաբանի խոսքով՝ հիվանդության արձանագրված դեպքերն անհանգստացնող են նրանով, որ դրանց թիվն է բավականին շատ.

«Հատկանշական է, որ դեպքեր արձանագրվել են նաև այն մարդկանց մոտ, ովքեր Աֆրիկայում չեն էլ եղել, սա է անհանգստացնողը, և դեպքերի թիվը եղել է ավելի շատ քան սովորաբար լինում է։ Գրականության մեջ այս հիվանդության փոխանցման տարբեր մեխանիզմներ կան, բայց ժամանակ և բազմաթիվ հետազոտություններ են պետք որևէ մեկը հաստատելու համար: Թե ինչու է այսպես տարածվել, մարդուց մարդ ինչպես է փոխանցվել, դրանք էլ են ուսումնասիրություն պահանջում»:

Տեր-Ստեփանյանի խոսքով՝ կապիկի ծաղկի դեմ կոնկրետ պատվաստանյութ չկա, բայց բնական ծաղկի դեմ մինչև 1980 թվականը արված պատվաստանյութը կապիկի ծաղկից նույնպես ապահովում է որովհետև նույն ընտանիքին պատկանող վիրուսներ են.

«Սպեցիֆիկ բուժում այս վարակը, որպես այդպիսին, չունի: Կախված ախտանշաններից՝ կարող են օգտագործվել ջերմիջեցնողներ:  Հարկ եմ համարում ընդգծել, որ սա ջրծաղկից ավելի ծանր հիվանդություն է: Ջրծաղիկն այլ ընտանիքի է, սա բնական ծաղկին պատկանող վիրուս է, որը ժամանակին եղել է հատուկ վտանգավոր վարակ։ Մահաբերությունը կազմում է մինչև 10 տոկոս, նայած որ շտամի մասին է խոսքը։ Այն, որը հիմա տարածվում է, մինչև 3,6 տոկոս մահաբերություն է արձանագրվում»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular