ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ փորձագետը բացատրել է, թե ինչու է Սարգսյանի հրաժարականը ձեռնտու Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

riafan.ru-ն գրում է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի իր պաշտոնից հեռանալու պատճառը շատ հստակ է ձևակերպված, որն է արտաքին և ներքին քաղաքականության վրա ազդեցության իրական գործիքների բացակայությունը, այդ թվում «պատերազմի կամ խաղաղության» հարցերի վրա ազդելու կարողությունը։

Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը riafan.ru-ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչով է պայմանավորված Սարգսյանի նման հանկարծակի որոշումը: Հայ փորձագետը նաև բացատրել է, թե ինչո՞ւ է Սարգսյանի հրաժարականը ձեռնտու Փաշինյանին:

 «Իրականում հրաժարականը լիովին տեղավորվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանցքային նպատակներից մեկի շրջանակներում, որն է կառավարման կիսանախագահական ձևին վերադառնալը։ Այդ նպատակի իրականացումը թույլ կտա նրան ամրապնդել իր դիրքերը, իր ձեռքում կենտրոնացնել իշխանական գործնականում բոլոր լծակները։ Դա հատկապես կարևոր է Փաշինյանի համար կապված լեգիտիմության ճգնաժամի և արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո վարկանիշի կտրուկ անկման հետ»,- ասել է նա։

Ըստ Դավթյանի` Սարգսյանը մշտապես անուղղակի և քողարկված կերպով աջակցել է գործող իշխանության քաղաքականությանը, ուստի նա, հրաժարական տալով, պարզապես ցույց է տվել խորհրդարանական կառավարման ձևի անհարիր լինելը Հայաստանի համար։

«Սարգսյանը վերջին 3-4 տարիներին խոսել է իր լիազորությունների սահմանափակման մասին, ինչը հաճախ ընկալվել է որպես երկրում տիրող քաղաքական ճգնաժամի պատասխանատվությունից ազատվելու փորձ, մինչդեռ հենց նա, ըստ Սահմանադրության, պետք է դառնար ներքաղաքական պայքարի գլխավոր մրցավարը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանում քաղաքական մշակույթի զարգացմանը և պառլամենտարիզմի ձևավորմանը»,- կարծիք է  հայտնել փորձագետը։

Վահե Դավթյանը նաև նշել է, որ այս պահին դժվար է չընկնել դավադրության տեսությունների մեջ` հատկապես հաշվի առնելով Սարգսյանի սերտ կապերը բրիտանական քաղաքական և ֆինանսական էլիտայի հետ, որն իր հերթին մեծ ազդեցություն ունի Բաքվում։

«Մի բան է ակնհայտ. իր նախագահության ընթացքում, հատկապես Հայաստանի նորագույն պատմության ամենաշրջադարձային Արցախյան պատերազմի ժամանակ, Սարգսյանը դրսևորել է խուսափողական վարքագիծ և ժամանակ առ ժամանակ հայտարարել է, որ իմացել է Հայաստանի հիմնական իրադարձությունների մասին ինչպես բոլոր քաղաքացիները՝ լրատվամիջոցներից: Հիմա ամենայն հավանականությամբ, նրա փոխարեն այլ տեխնիկական գործիչ կառաջարկվի։ Հնարավոր է, որ Փաշինյանն ինքը վերցնի այդ պաշտոնը հայտարարված սահմանադրական բարեփոխումները ավելի մանրակրկիտ նախապատրաստելու համար»։

Նյութը հրապարակման պատրաաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular