ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը նոր վերադասավորումներ է ծրագրել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նոր վերադասավորումներ է ծրագրում թե՛ մարզերում, թե՛ կառավարության կազմում։ Հայաստանի կառավարության՝ երեկ կայացած նիստում երկու նոր մարզպետներ նշանակվեցին։ Արարատի մարզպետի պաշտոնում Ռազմիկ Թևոնյանին փոխարինեց նրա որդին՝ Սեդրակ Թևոնյանը, իսկ նախկին մարզպետին այլևս նոր պաշտոն չեն տա, ուղարկել են տուն՝ հանգստանալու։
 
Արագածոտնի մարզպետ էլ դարձավ ԱԺ պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը՝ փոխարինելով Ռազմիկ Պետրոսյանին։ Կեղծ դիպլոմի սկանդալում հայտնված Պետրոսյանին կգործուղեն Պաշտպանության նախարարություն։ Առայժմ, սակայն, դեռ չեն որոշել, թե ինչ պաշտոն են տալու ազատամարտիկ Պետրոսյանին։ Առաջիկայում ևս երկու մարզպետներ կլքեն իրենց պաշտոնները, Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվել է, թե ում նշանակի Սյունիքի և Վայոց ձորի մարզպետների պաշտոնում, բայց նույնիսկ թիմակիցներին հարկ չի համարել տեղեկացնել։
 
«Քաղաքացիական պայմանագրի» մեր աղբյուրի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը միայն այս փոփոխություններով չի սահմանափակվելու, նոր որոշումներ ունի, նոր թեկնածուներ տարբեր պաշտոնների համար։ Այդ որոշումներին կուսակցության ակտիվին պետք է ծանոթացնեին հանգստյան օրերին, Դիլիջանում կազմակերպված հավաքի ժամանակ, սակայն վերջին պահին որոշում է կայացվել երկօրյա հավաքը հետաձգել, այն իրականացնել ավելի ուշ։
 
Իշխող թիմում խոսակցություններ են շրջանառվում, որ Փաշինյանը մտադիր է փոփոխություններ իրականացնել մի քանի նախարարություններում։ Մասնավորապես, նա չափազանց դժգոհ է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, ցանկանում է ազատվել նրանից, իսկ նախարարություն վերադարձնել Արսեն Թորոսյանին։ ԱԺ պատգամավորի դերում Թորոսյանն այնքան էլ կոմֆորտ չի զգում իրեն, հատկապես, որ խմբակցությունում նրան առանձնապես սիրով չեն վերաբերվում։ Այս օրերին Թորոսյանն ակտիվորեն հանդիպում է առողջապահության նախարարության իր մարդկանց հետ, քննարկում, թե ինչ փոփոխություններ է անելու, հենց վերադառնա նախարարություն։ Թորոսյանը նաև ստվերային դերակատարում ունի Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունում սպասվող փոփոխություններում։ Նախարարի պաշտոնից կզրկվի նաև Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Ազգային հերոսի կոչման արժանացած Փիլոյանին մտադիր են նշանակել Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, իսկ ԱԻ նախարար կդառնա նրա առաջին տեղակալ, կարկառուն ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանը։ Մյուս նախարարները դեռ կարող են հանգիստ լինել, Փաշինյանը ոչ բոլորի աշխատանքից և նվիրվածությունից է գոհ, սակայն չունի համապատասխան կադրեր՝ նրանց փոխարինելու համար։
 
Ռուբեն Մանասյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular