ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ նշանակում Հայաստանի կառավարությունում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը երեկ արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել Գրիգոր Մինասյանին՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբորը։ Գրիգոր Մինասյանը 2012 թվականից Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է։ Դասավանդել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ–ում ու ղեկավարել ինստիտուտի իրավագիտության ամբիոնը։ 2012 թվականից առ այսօր հանդիսանում է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետերը: 2008 թվականին պաշտպանել է գիտական թեզը և դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու: 2013 և 2017 թվականներին ՀՀԿ–ի ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։

Այս նշանակումը երեկ ամբողջ օրը դարձել էր սոցիալական ցանցերի և հանրության քննարման թիվ մեկ հարցը, որի առջև խամրել էին նույնիսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական սպառնալիքները, սահմանային իրավիճակն ու պետության առջև ծառացած այլ կարևորագույն խնդիրներ։ Իշխանության քարոզիչները ողջ օրը փորձում էին ապացուցել, թե երկու եղբայրների միջև ժամանակին սև կատու է անցել, իսկ Գրիգոր Մինասյանը կարող է լավ պաշտոնյա լինել։ Ամենևին չհերքելով այս թեզերից որևէ մեկը՝ նշենք, սակայն, որ այս նշանակումը չափազանց տարօրինակ է։

Գրիգոր Մինասյանի հայրը՝ Արա Մինասյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրենն էր, և արդեն մի քանի տարի գտնվում է հետախուզման մեջ։ Հետախուզման մեջ է և Հայաստանից հեռացել է Փաշինյանի իշխանության կարկառուն քննադատներից մեկը՝ Միքայել Մինասյանը։ Վերջինս ժամանակին ամենախիստն էր քննադատում Նիկոլ Փաշինյանին, բազմաթիվ բացահայտումներ անում գործող իշխանությունների ապօրինությունների վերաբերյալ։

Գրիգոր Մինասյանը նաև արդարադատության գործող նախարար Կարեն Անդրեասյանի ընկերն է, նրանք միասին են ստեղծել AM իրավաբանական ընկերությունը։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Կարեն Անդրեասյանն իր մեջ հեղափոխական ջիղ գտավ, հարմար տեղավորվեց Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների ցանկում և այժմ էլ նախարար է աշխատում։ Ըստ երևույթին, Գրիգոր Մինասյանի նշանակումը ձեռնտու է Փաշինյանին մի քանի առումով։ Նախ, նա ներկայացնելու է, թե ունակ կադրերի է նշանակում պաշտոնի՝ անկախ նրանց անցած ճանապարհից, նաև նոր փոխնախարարի գործոնն օգտագործելու է նախկինների, Սերժ Սարգսյանի և մյուս քննադատների դեմ։

Խաչատուր Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular