ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Տոնոյանի և Պատրոն Դավոյի գործն ուղարկվեց դատարան․ ծանր պրոցես է սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարար ընկերության ղեկավար, «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի, բարձրաստիճան մի շարք զինվորականների դեմ հարուցված քրեական գործը դատախազությունն ուղարկել է դատարան։ Հիշեցնենք, նախկին նախարարը, զենքի մատակարարն ու մյուս զինվորականները՝ մեղադրվում են ժամկետանց 4232 հատ հրթիռները շուկայականից բարձր գներով գնելու, պետությանը մոտ 4,7 միլիոն դոլարի վնաս հասցնելու մեջ։

Տոնոյանը, Գալստյանն ու մի քանի այլ անձինք կալանքի տակ են, իսկ մեղադրյալներից մեկը՝ Արտակ Դավթյանը ներկայումս Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է։ Նախաքննության ողջ ընթացքում Դավիթ Տոնոյանի և Դավիթ Գալստյանի փաստաբանները բազմաթիվ դրվագներով ապացուցել են, թե ԱԱԾ-ն այդպես էլ չի կարողանում գործ կարել իրենց պաշտպանյալների վրա։ Նախաքննական մարմինն անգամ հրաժարվել էր պատշաճ փորձաքննություն իրականացնել, մինչդեռ փաստաբանների խոսքով, այդ հրթիռները գնվել են շուկայական գնով և բնավ էլ ժամկետանց և անորակ չեն։

Այն, որ ԱԱԾ-ն հրաժարվում է փորձաքննություն իրականացնել, վկայում է փաստաբանների խոսքի ճիշտ լինելը։ Դավիթ Տոնոյանն իր հերթին մի քանի անգամ հայտարարություն է տարածել, ընդգծել, թե պաշտոնի բերումով չի ցանկանում պետական գաղտնիքներ բացահայտել, սակայն դատական նիստերում ստիպված է լինելու անել դա։ Ըստ էության, նա նախազգուշացրել է «գլխավոր հրամանատարի» պաշտոնը զբաղեցնող Փաշինյանին, որ մտադիր չէ լեզուն պահել ատամների արանքում և դառնալ Փաշինյանի ու նրա վարչախմբի քավության նոխազը։

Այսպիսով, առաջիկայում լուրջ և բացահայտումներով հարուստ դատաքննություն է սպասվում, որի ընթացքում կարող են տհաճ անակնկալներ լինել Նիկոլ Փաշինյանի համար։ Ուշագրավ է նաև Արտակ Դավթյանին առաջադրված մեղադրանքը։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը ցանկանում է արդեն երկրորդ անգամ պաշտոնանկ անել նրան, իսկ ԳՇ պետ նշանակել ներկայումս ԱԻՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Անդրանիկ Փիլոյանին։ Այդ դեպքում նաև կկատարվի Արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար Արմեն Փամբուխչյանի երազանքը։ Նա, ի վերջո, կդառնա նախարար, կհամալրի փաշինյանական ապիկար նախարարների խառնակույտը։

Նարեկ Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular