Բռնցքամարտը և ծանրամարտը կարող են դուրս մնալ Օլիմպիական խաղերի ծրագրից
ՍՊՈՐՏՄՕԿ-ի գործկոմը քննարկել է ծանրամարտի և բռնցքամարտի միջազգային ֆեդերացիաներում ստեղծված իրավիճակը: Այդ մարզաձևերին սպառնում է Օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մնալու վտանգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայից, մասնավորապես, պահանջվում է ֆինանսական թափանցիկ գործունեություն և արդար մրցավարություն:
Առավել ծավալուն անդրադարձ է եղել ծանրամարտի միջազգային ֆեդերացիային: ՄՕԿ-ը առաջադրել է պայմաններ, որոնց կատարման դեպքում մարզաձևն իր տեղը կպահպանի Փարիզի օլիմպիական խաղերում:
Անհրաժեշտ է ապահովել թափանցիկություն և կայունություն ֆեդերացիայի աշխատանքներում, փոփոխություններ կատարել կանոնադրությունում, հետևել գործող բոլոր կանոններին, զերծ մնալ խթանիչներ օգտագործելու ժխտելի սովորությունից, անցկացնել ֆեդերացիայի նախագահի ընտրություն և այլն:
Նշած մարզաձևերի՝ օլիմպիական ընտանիքում մնալու հարցը ՄՕԿ-ը քննարկելու է նաև 2023թ: