Ցանկացած սահմանափակում ունի նաև իր տնտեսական հետևանքները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱռողջապահության նախարարությունը հայտարարեց, որ հունվարի 1-ից ռեստորաններ, սրճարաններ և ժամանցի այլ վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է լինելու պատվաստման հավաստագիր կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով պատասխան ներկայացնել:
Այս թեմայով զրուցել ենք ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։
Հարցին, թե ինչ կարծիք ունի այս սահմանափակումների մասին տնտեսագետն ասաց․ « Երբ որևէ սահմանափակում է կիրառվում, ապա դա նախ՝ չպետք է ժամանակավրեպ լինի, և, բացի այդ, չպետք է օտար երկրներում իրականացված ծրագիրը առանց լուրջ ուսումնասիրության, առանց իրական գնահատման տեղայնացնել մեր երկրում: Կարող է ներդնեն ու բոլորովին այլ արդյունք ստանան, քան այն երկիրը, որը նման մեթոդ է կիրառել: Պոպուլիզմի ու շոուների տեղ չէ մեր երկիրը, և եթե կիրառում են որևէ սահմանափակում, ապա դա պետք է իրական լինի և ոչ թե ձևական, քանզի մենք այս երկու տարվա ընթացքում նման ձևական սահմանափակումների բազմիցս ենք ականատես եղել: Փաստն այն է, որ ոտքի վրա, խառնաշփոթ կարգավորումներ են բերում, որոնցում տրամաբանության շղթան չի երևում: Հանրությունը պետք է ընկալի՝ ինչի՛ն է ծառայեցվում տվյալ սահմանափակումը, պետք է ներկայացնել՝ տեսե՛ք՝ այս սահմանափակումը բերեց այս արդյունքը, ինչն էլ կարող նպաստել միասնական դիրքորոշման ձևավորմանը, ասենք՝ պատվաստումների նկատմամբ: Բայց ինչպե՞ս է մեզ մոտ. մի մասի համար սահմանափակումը կիրառվում է, մի մասը արտոնյալ է՝ նրանց համար չի կիրառվում: Չկա հետևողականություն և մարդկանց մեջ տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ անլուրջ է, հետևաբար չեն հետևում կանոններին»:
Հարցին, թե հունվարի 1-ից կիրառվող այդ որոշումը ինչպե՞ս կարող է ազդել տնտեսության վրա, քանի որ թիրախում ռեստորաններն են և այլ կենտրոններ` տնտեսագետն ասաց․ «Միանշանակ՝ բացասական, պետք չէ տնտեսագետ լինել դա հասկանալու համար: Ցանկացած սահմանափակում, ի վերջո, ունենում է նաև իր հետևանքները: Մենք պետք է կշռենք՝ որոնք են դրական կողմերը, որոնք՝ բացասական: Մենք դեռ բացասական հետևանքներն ենք տեսել այդ սահմանափակումների մեջ, դրական արդյունք դեռ չենք տեսել: Սա ինքնին վատ է»:
Սոնա Գիշյան