Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տեխնիկապես չի գործում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի վերաբերյալ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա են եղել ՊԵԿ-ի և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ: Մասնակիցները մտքեր են փոխանակել թուրքական ապրանքների ներկրման արգելքի տնտեսական ազդեցության և արգելքի ժամկետը երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ: Ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին:
Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։
Անդրադառնալով թուրքական ապրանքների ներմուծման արգելքին և ժամկետի երկարաձգմանը` տնտեսագետն ասաց, որ այդ արգելքը զգալի մասով չի գործում, և այն երկարաձգելը կամ չերկարաձգելն էական բան չի փոխում:
«Թուրքիան լավ փորձ ունի սպառման ապրանքների արտադրության բավականին լավ գնի պայմաններով, որովհետև քանակն է շատ, սակայն այդ առաջարկը բացառիկ չէ։ Այսինքն, ինքը լավ է, բայց ոչ բացառիկ: Փոխարինելի է: Հիմա ի՞նչ է տեղի ունեցել: Նախ՝ թուրքական ապրանքների բացակայությունից մեր շուկան լրջորեն չի տուժել, և գնաճն այդ ոլորտներում (որտեղ թուրքական ապրանքներ էին) մեծ չէ կամ ընդհանրապես չի նկատվում: Բայց իրականում, որքան հասկանում եմ, թուրքական ապրանքները չեն անհետացել, այսինքն՝ արգելքը մտցնելուց առաջ հսկայական ներմուծում է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է հումքին, ապա միշտ ներմուծվում էր, դրա վրա արգելքը չէր տարածվում»,- նշեց Հրանտ Միքայելյանը:
Նրա դիտարկմամբ՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տեխնիկապես չի գործում:
«Այսինքն, մենք տեսնում ենք՝ քաղաքում որտեղ եղել են թուրքական ապրանքներ, խանութներ, ինչքան հասկանում եմ՝ դրանք բոլորը կամ զգալի մասը կան: Հիմնականում ներկրումը վերականգնվել է, այդ թվում՝ ԱԺ-ից ինչ-որ կուսակցության շարքերից շատ հստակ լոբբինգով: Այսպիսով այդ արգելքը զգալի մասով չկա, և այն երկարաձգելը կամ չերկարաձգելը այդքան էլ չի փոխում որևէ բան»,- ասաց տնտեսագետը: