Pfizer-ի ղեկավարը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ կրկնապատվաստում պետք է կատարվի ամեն տարի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆkp.ru-ն գրում է, որ կորոնավիրուսային վարակի դեմ կրկնապատվաստում, հավանաբար, կպահանջվի ամեն տարի։ Նման կարծիք է հայտնել ամերիկյան Pfizer ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան։ «Կարծում եմ, որ խթանող դոզան՝ երրորդ դոզան, պաշտպանվածության շատ, շատ բարձր մակարդակ է տալիս»,- ասել է նա, բայց մատնանշել, որ հարցն այն է, թե դա որքա՞ն կտևի։ Pfizer-ի ղեկավարն ասել է, որ առկա տվյալների համաձայն կորոնավիրուսային վարակից պաշտպանությունը նվազում է «երկրորդ պատվաստումից հետո վեց ամսվա ընթացքում»։ «Մենք պետք է հետամուտ լինենք վեց, յոթ, ութ, ինը ամիսների ընթացքում խթանող պատվաստումից հետո», - ասել է նա հավելելով, որ կրկնապատվաստումից հետո COVID-19-ից պաշտպանությունը, կարծես թե կտևի մեկ տարի:
Բուրլան նաև ասել է, որ այդ հարցում դեռ հստակ որոշակիություն չկա, և հետազոտության նոր տվյալները կարող են փոխել այս գնահատականները։ Նա կոչ է արել «սպասել և տեսել». «Բայց հավանական սցենարը ամենամյա կրկնապատվաստումն է», - ասել է Pfizer-ի ղեկավարը:
Ինչպես ավելի վաղ գրել էր kp.ru կայքը, Ռուսաստանի իմունոլոգների գիտական ընկերության նախագահ, ՌԴ ԳԱ Ուրալի մասնաճյուղի իմունոլոգիայի և ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Վալերի Չերեշնևը զգուշացրել է, որ չափազանց հաճախակի կրկնապատվաստումը կարող է հանգեցնել հակառակ ազդեցության և առաջացնել իմունոլոգիական կաթվածի, և որ կրկնապատվաստումը խորհուրդ է տրվում կատարել վերջին պատվաստումից առնվազն վեց ամիս անց:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը