Նիկոլ Փաշինյանի վախերը․ գաղտնալսումներ՝ իսրայելական ծրագրով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նոր սկանդալի կենտրոնում են հայտնվել։ Վարչախումբը, պարզվում է, իսրայելական ծագման Pegasus լրտեսող ծրագիր են գնել, որով գաղտնալսել են իրենց ընդդիմախոսներին։ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը երեկ հայտնեց, որ Apple ընկերությունից նամակ է ստացել, որտեղ նշվում է, թե հնարավոր է՝ պետության կողմից հովանավորվող հաքերները թիրախավորել են իր հեռախոսը։
Վանեցյանի պնդմամբ՝ իրեն և իր ընտանիքի անդամներին գաղտնալսել են Pegasus ծրագրով։ Ընկերության ուղարկած հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա ո՛չ գաղտնալսման, և ո՛չ էլ Pegasus ծրագրի մասին։ Այդ մասին նշում է միայն Վանեցյանը՝ պնդելով, որ ունի համապատասխան ապացույցներ։ Apple-ն իր հաղորդագրության մեջ նշում է, որ հաքերները, որոնք հովանավորվում են ինչ-որ պետության կողմից, փորձում են հասանելիություն ստանալ նրա հավելվածներին, մեսինջերներին, անձնական տեղեկատվությանը, հեռախոսի պարունակությանը և այլն։ Գաղտնալսվելու մասին հայտնել է նաև «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշել է, թե գաղտնալսման մասին համապատասխան ծանուցումներ ստացել են առնվազն 8 անձինք․ մյուսներն առայժմ չեն հայտնել իրենց ինքնությունը։ Իսրայելական ծրագիրը բավական թանկ արժե, և վաճառվում է միայն առանձին պետությունների։ Մասնավորապես, ավտորիտար մի շարք պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանն ու Թուրքիան են գնել և ընդդիմադիր գործիչների, լրագրողների, ակտիվիստների դեմ օգտագործել այն։ Պաշտոնավարման ողջ ընթացքում մամուլը գրում էր, թե Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ վախ ունի թե՛ ընդդիմությունից, թե՛ սեփական կողմնակիցներից, հատուկ ծառայությունների միջոցով գաղտնալասումներ է իրականացնում նրանց հանդեպ։
Պետական մարմինները առայժմ չեն հաստատել, և, ըստ ամենայնի, չեն հաստատի, որ գնել են այդ ծրագիրը և օգտագործել Փաշինյանի հակառակորդների դեմ։ Սակայն Apple-ի կողմից այս հաստատումն էլ լրջագույն հարված է Հայաստանի գործող իշխանություններին, ՀՀ միջազգային վարկին։ Այսկերպ, ապացուցվում է, որ Հայաստանում շուրջ երեք տարի է՝ իշխանություն է հակադեմոկրատական, բռնապետական ռեժիմ, որի նպատակն ընդդիմությանն ահաբեկելն է, կոմպրոմատներ հավաքելը, մարդկանց անձնական կյանքի գաղտնիության ապօրինի խախտումները։
Տիգրան Ասլանյան