Չինաստանը պատրաստ է ստորագրել Հարավարևելյան Ասիայում միջուկային զենքից ազատ գոտու համաձայնագրի արձանագրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը պատրաստ է որքան կարելի է շուտ ստորագրել Հարավարևելյան Ասիայում միջուկային զենքից ազատ գոտու համաձայնագրի (Բանգկոկի համաձայնագիր) արձանագրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 22-ին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը:
«Չինաստանն աջակցում է ԱՍԵԱՆ-ի ջանքերին՝ ուղղված միջուկային զենքից ազատ գոտու ստեղծմանը, և պատրաստ է որքան կարելի է շուտ ստորագրել Հարավարևելյան Ասիայում միջուկային զենքից ազատ գոտու համաձայնագրի (Բանգկոկի համաձայնագիր) արձանագրությունը»,- Սի Ծինփինը հայտարարել է գագաթնաժողովում իր տեսաուղերձի ընթացքում, որը նվիրված էր Չինաստանի և ԱՍԵԱՆ-ի միջև երկխոսությամբ հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Չինաստանը վճռականորեն հանդես է գալիս հեգեմոնիզմի և ուժի քաղաքականության դեմ, Պեկինը երբեք հեգեմոնիայի չի ձգտի և պատրաստ է երկարաժամկետ բարեկամական հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ՝ ընդհանուր ջանքերով տարածաշրջանի խաղաղությունն ապահովելու նպատակով:
«Մենք պետք է լինենք տարածաշրջանային խաղաղության ստեղծողը և պաշտպանը, ամուր պահպանենք ոչ թե առճակատումը, այլ երկխոսությունը, գործընկերությունը, ինչպես նաև պայքարենք տարբեր բացասական այն գործոնների դեմ, որոնք սպառնում են վնաս հասցնել խաղաղությանը»,-նշել է նա:
Սի Ծինփինն ընդգծել է, որ տարածաշրջանը բախվում է անվտանգության ոլորտում տարբեր ավանդական և ոչ ավանդական մարտահրավերներին, ուստի հարկ է հանձնառու լինել անվտանգության կոլեկտիվ, համալիր և կայուն հայեցակարգին, ինչպես նաև խորացնել համագործակցությունը պաշտպանության, ահաբեկչության ու անդրազգային հանցավորության դեմ պայքարի բնագավառում: