Լևոն Արոնյանը Հնդկաստանի Կալկութայում կայացած արագ շախմատի մրցաշարում գրավեց 2-րդ տեղը
ՍՊՈՐՏՀնդկաստանի Կալկութա քաղաքում կայացած արագ շախմատի Tata Steel Chess India 2021 մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանը գրավեց մրցանակային 2-րդ տեղը:
Այսօր կայացած 7-9-րդ տուրերում մեր գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի երեք ներկայացուցիչների, այդ թվում կին գրոսմայստերի հետ: Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և 2-4-րդ տեղերը բաժանեց հնդիկներ Պրագնանանդհայի և Վիդիտ Սանթոշի հետ: Լրացուցիչ գործակիցներով հայ շախմատիստը ճանաչվեց երկրորդը:
Մրցաշարի հաղթող դարձավ Հնդկաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արջուն Էրիգաիշին, որը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց հենց Լևոն Արոնյանի հետ և պահպանեց մեկ միավորի առավելությունը: Նշենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 40 հազար դոլար:
Այժմ բոլոր մասնակիցները հանդես կգան վաղը մեկնարկող բլից մրցաշարում: Նոյեմբերի 20-21-ին շախմատիստները կանցկացնեն 18-ական պարտիա: