Համանախագահները բարեհաճել են ակտիվանալ․ Միրզոյանի ուշագրավ կոչերը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) խորը մտահոգություն են հայտնում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Սովորության համաձայն, համանախագահները հորդորներ են հղում երկու կողմերին էլ, թեև նույնիսկ կույրի համար ակնհայտ է, որ Ադրբեջանն է սրում իրավիճակը։
Համանախագահները կողմերին կոչ են արել կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս համատեքստում ուշագրավ է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կոչերը։ Նա խոսել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը և միջազգային գործընկերներին կոչ է արել զերծ մնալ երկակի ստանդարտներից` տարածաշրջանում կայունության հասնելու համար:
«Երկու կողմերին ուղղված անհասցե կոչերն այն պարագայում, երբ Հայաստանը վստահելի քայլեր է անում խաղաղության հաստատման ուղղությամբ, իսկ Ադրբեջանը շարունակում է իրավիճակի էսկալիացիան, կարող է ընկալվել որպես միջազգային գործընկերների կողմից անտարբերություն և հանձնառության բացակայություն», - ասել է Արարատ Միրզոյանը` շարունակելով. «Եթե ցանկանում եք սատարել տարածաշրջանում կայունության հասնելու մեր ջանքերը, ապա չկա այլ տարբերակ, քան այս հարցերում անկեղծ լինելն ու առանց երկակի ստանդարտների մեր տարածաշրջանում մարդու իրավունքների և ուժի կիրառման վերաբերյալ ձեր տեսլականն արտահայտելը: Մենք պատրաստ ենք այս հարցում լինել իրական գործընկեր Եվրամիության հետ»:
Միրզոյանի կոչը, բնականաբար, անհետևանք էլ կմնա, քանի դեռ համանախագահ երկրները չեն որոշել հստակ և հասցեական քայլեր ձեռնարկել ագրեսորին պատժելու ուղղությամբ։ ԱԳ նախարարի հայտարարությունն ուշագրավ էր այնքանով, որ միջազգային ասպարեզում բարձրացվում է երկակի ստանդարտներից զերծ մնալու հարցը։ Իսկ մինչ այդ, Հայաստանը շարունակում է կորուստներ կրել, կորցնել իր ինքնիշխան տարածքը կտոր առ կտոր, գերտերություններն էլ ոչինչ չեն ձեռնարկում՝ շարունակելով անիմաստ հորդորների շքերթը։
Արսեն Կարապետյան