Երբ չունես պետություն, սպանվածի վրեժը այլ կերպ են լուծում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱյսօր առավոտյան փակվել, ապա բացվել է Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը: Արցախի Ազգային անվտանգության ծառայությունն էլ հաղորդել է, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, «ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է»։ Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, նոյեմբերի 8-ին ադրբեջանցու կողմից սպանված Մարտիկ Երեմյանի եղբայրն է նռնակ նետել ադրբեջանցիների ուղղությամբ, ինչին հաջորդել են կրակոցները՝ հայկական քաղաքացիական մեքենայի ուղղությամբ:
Նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ ադրբեջանական կողմից արձակված կրակոցների հետևանքով տուժել էին երեք քաղաքացիներ, Մարտիկ Երեմյանը սպանվել էր: Նրանք վթարավերականգնման աշխատանք էին կատարում Շուշիի մատույցներում ռուս խաղաղապահների դիրքերը սնուցող խողովակաշարի վրա: Հայ քաղաքացիական անձանց գնդակոծած ադրբեջանցուն չեն հայտնաբերել, ռուս խաղաղապհներն էլ որևէ գործողություն չեն կատարել մարդասպանին գտնելու ուղղությամբ։ Իսկ սպանվածի հայ եղբորը այսօր անմիջապես ձերբակալել և տեղափոխել են խաղաղապահ զորամասի տարածք՝ հետագա քննության համար։
Եթե Հայաստանն ու Արցախը իշխանություն ունենային, ապա ռուսական կողմին կպարտադրեին իրական քննություն իրականացնել Շուշիի մերձակայքում քաղաքացիական անձանց գնդակոծելու դեպքով։ Եվ գործն այսօր տեղի ունեցածին չէր հասնի, սպանվածի եղբայրը ստիպված չէր լինի վրեժխնդրության դիմելու։ Փոխարենը, ռուսները չեն հապաղել Մարտիկի եղբորը ձերբակալելու հարցում։
Այս ամենը հստակ պատկերացումէ տալիս, թե ինչ ծանր վիճակում է գտնվում Արցախի հայ բնակչությունը։ Իսկ իշխանությունները նրանց անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունն ապահովելու փոխարեն զբաղված են բոլորովին այլ հարցերով։
Արթուր Հակոբյան