Մեծ Բրիտանիան փորձում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն առաջին ընթերցմամբ ընդունվել է միաձայն։ Բանաձևի երկրորդ ընթերցումը նախատեսված է 2022 թ. մարտի 22-ին։
Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ։
Հարցին, թե այս գործընթացը որքանո՞վ եք կարևորում ու ի՞նչ է այն իրենից ենթադրում թուրքագետը ասել է. «Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն արդեն մի քանի տարի է՝ ընթանում է, տարբեր երկրներ ճանաչել են, սակայն Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է մնում: Ցեղասպանության ճանաչման նման գործընթացները շատ հաճախ արվում են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով, բայց Թուրքիան, ինչպես գիտենք, չի պատրաստվում ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Չմոռանանք, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Թուրքիայի նախապայմաններից մեկն էլ Ցեղասպանության հարցի ճանաչման գաղափարից Հայաստանի հրաժարումն է»:
Հարցին, թե այս դեպքում՝ բանաձևի ընդունումը և՞ս Թուրքիային ճնշելու նպատակով է թուրքագետն ասաց. «Կարծում եմ՝ տվյալ դեպքում առկա է երկու հիմնապատճառ, առաջինը՝ ճնշում գործադրելն է Թուրքիայի վրա, իսկ երկրորդը՝ մարդկային, բարոյական տեսանկյունն է: Բայց իմ համոզմամբ Ցեղասպանության ճանաչման հարցի վերջնական լուծումը կլինի այն ժամանակ, երբ հայ-թուրքական որոշակի հարաբերությունների պարագայում կողմերը կկարողանան միմյանց հետ քննարկել այս հարցը: Հակառակ դեպքում, եթե մենք հույսներս դնենք միայն միջազգային ճանաչման վրա, ապա ինչպես ժամանակն է ցույց տվել, չնայած տարբեր երկրների ճանաչմանը՝ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվում»:
Սոնա Գիշյան