Քաղաքագետը նշել է Հայաստանի միակ հաղթաթուղթը Ադրբեջանի հետ բանակցություններում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrossaprimavera.ru-ն գրում է, որ ըստ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի Զանգեզուրի միջանցքի բացումը հայկական միակ հաղթաթուղթն է բանակցություններում։ Նրա խոսքով, այժմ տարաբնույթ խաղեր են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների շուրջ։ «Հասկանալի է, որ այնտեղ որոշակի խաղ է գնում, իհարկե, հայերը շատ խորամանկ են, կառչած են բառերից, պայմանագրի դրույթներից, բայց էությունը, ընդհանուր առմամբ, պարզ է՝ նրանք հասկանում են, որ Ադրբեջանի հետ սակարկության համար միակ հաղթաթուղթը մնացել է Զանգեզուրի միջանցքի բացումը»,- ասել է նա։ Սակայն, ըստ քաղաքագետի, իրատեսորեն մտածող հայ քաղաքական գործիչները դժվար թե հավատան, որ դա կարող է ազդել Ադրբեջանի վրա: «Ամենայն հավանականությամբ, մեծ ցանկություն կա միջանցքը փոխելու բազմաթիվ այլ բաների հետ: Հայերը պնդում են, որ, օրինակ, Աղդարից կամ, ինչպես իրենք են ասում, «Մարդակերտից» դեպի հայկական Վարդենիս Քելբյաջարով ճանապարհը բացվի։ Բացի այդ, հայկական կողմը ռուսական կողմի հետ միասին ցանկանում է բացել Խոջալուի օդանավակայանը»,- ասել է Մուսաբեկովը։ Բացի այդ, ըստ նրա, հայկական կողմը ցանկանում է մեծ օգուտներ և առավելություններ ստանալ Ադրբեջանի տարածքով հայկական ապրանքների տարանցման համար։ Նա հիշեցրել է, որ եթե տրանսպորտային գծերն ապաշրջափակվեն, ապա Ադրբեջանը պետք է Հայաստանի տարածքով Նախիջևան հասնելու համար ընդամենը 40 կիլոմետրի համար վճարի, իսկ Հայաստանը պետք է վճարի Ադրբեջանի տարածքով հարյուրավոր կիլոմետրերի բեռնափոխադրումների համար։ «Հետևաբար, կարծում եմ, որ Զանգեզուրի միջանցքի հետ կապված Երևանի այս ամբողջ «աղմուկը» կապված է հենց այդ ցանկությունների հետ։ Իհարկե, կասկածում եմ, որ նրանց երազանքներն ու ցանկությունները կիրականանան, բայց առայժմ սակարկությունները շարունակվում են։ Սակայն կարծում եմ, որ տարածաշրջանում, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի, հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ինչ որ փաստաթուղթ կստորագրվի»,- ասել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը