Ընտրակաշառք՝ քողարկված և բացեիբաց․ Նիկոլ Փաշինյանն ամեն գնով ուզում է հաղթել ընտրություններում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանում մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ, Կառավարությունում հիմա էլ որոշել են մարել ջրօգտագործողների պարտքերը, մամուլի փոխանցմամբ, պետական բյուջեից ջրօգտագործողների կուտակած պարտքերը մարելու համար հատկացվել է 963 միլիոն դրամ։ Ուշագրավ է, որ այս որոշմանը դեմ է արտահայտվել Ֆինանսների նախարարությունը, որը ներկայացրած առարկության մեջ նշել է, որ ջրօգտագործողների պարտավորությունների մարման նպատակով ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով արդեն մեկ անգամ հատկացվել է 2,735,7 մլն դրամ։ Ֆինանսների նախարարության այս առարկությունը, բնականաբար չի ընդունվել։
Տարբեր համայնքներում էլ, որտեղ, «տարօրինակ» կերպով ընտրություններ են, կառավարությունը մարզպետարանների և համայնքապետարանի միջոցով 30-50 հազար դրամական օգնություն է տրամադրում։ Արձանագրենք, որ ՏԻՄ ընտրություններից առաջ գործող իշխանությունները բացեիբաց ընտրակաշառք են բաժանում։ Հենց ընտրախախտումներ անելու նպատակով էլ ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը հեռացնում էր ընդդիմադիր համայնքապետերին, նրանց փոխարեն իր թիմակիցներին նշանակում։ Որպեսզի հնարավոր լինի վերահսկել վարչական ռեսուրսը, օգնության կամ աջակցության անվան տակ կաշառք բաժանեն, ապահովեն իրենց ապիկար թիմերի հաղթանակը։ Այդուհանդերձ, առանցքային մի շարք համայնքներում Նիկոլ Փաշինյանի թիմը խայտառակ պարտություն կրեց, առաջիկայում էլ լուրջ խնդիրների կբախվի նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում։ Վաղուց այլևս զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը գործում են նույն մեթոդներով, ինչի մեջ մեղադրում էին իրենց նախկիններին։ Ավելի անսկզբունքային և ստախոս իշխանություններ Հայաստանն իր պատմության ընթացքում երբևէ չի տեսել։
Նորայր Դանիելյան