Բաղդասարովը հորդորել է Դոնբասի աշխարհազորայիններին չկրկնել հայերի սխալները Ղարաբաղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆosnmedia.ru-ն գրում է, որ ռազմական փորձագետ, քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը Telegram-ի իր ալիքում Դոնբասի ներկայիս իրավիճակը համեմատել է Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետ և հորդորել աշխարհազորայիններին չկրկնել հայ զինվորականների սխալները։ «Ուկրաինան ակտիվորեն վերազինվում է, մեր թշնամիներից դաշնակիցներ ու հովանավորներ է գտնում։ Չի կարելի հանգստանալ և մտածել, որ մեկ անգամ հաղթեցինք՝ հիմա էլ կհաղթենք։ Ակնհայտ է, որ 21-րդ դարի պատերազմներում առավելությունը նրանցն է, ովքեր լավ են զինված»,- գրել է նա։ Բաղդասարովը նաև հավելել է, որ Դոնբասի աշխարհազորայինները, ինչպես նաև հայերը Ղարաբաղում չունեն հզոր ինժեներական կառույցներ, որոնք հնարավորություն կտան կասեցնել Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը։
«Ժամանակն է խոստովանել, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ոչ մի պայմանավորվածություն չի գործում: Ճիշտ է նա, ով ավելի ուժեղ է։ Դա վատ է, բայց դա ճիշտ է. ակնհայտ է, որ Դոնբասը չի կարողանա գլուխ հանել առանց Ռուսաստանի աջակցության։ Այսօր մենք պետք է հայտարարենք. ռազմական գործողությունների բռնկման դեպքում մենք Դոնբասի բնակիչների դեմ ագրեսիան կհամարենք ագրեսիա մեր դեմ»,- նշել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը