Կրասնոդարում հայկական ժողովրդական պարերի գործնական սեմինար է անցկացվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆyugopolis.ru-ն գրում է, որ հոկտեմբերի 26-ից 28-ը Կրասնոդարում անց է կացվել հայկական ժողովրդական պարերի սեմինար-պարապմունք։ Այն կազմակերպել էր «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային մասնաճյուղը։
Կուբանից, ինչպես նաև Մայկոպից, Ստավրոպոլից և նույնիսկ Մոսկվայից ժամանած պարուսույցներն ու ժողովրդական պարերի խմբերի ղեկավարները հանդիպել են, կիսվել իրենց փորձով, փոխանակել մասնագիտական գաղտնիքներ և հղկել իրենց սեփական հմտությունները: Միջոցառման քառասունից ավելի մասնակիցներ մասնակցել են Հայաստանից հատուկ հրավիրված ճանաչված մասնագետների վարպետության դասերին։ Բազմաթիվ հանրապետական և միջազգային փառատոների դափնեկիրներ, տարբեր պատվավոր կոչումներ ու մեդալներ կրողներ Արթուր Հակոբյանը և Նունե Գրիգորյանը բարձր են գնահատել սեմինարի մասնակիցների պատրաստությունը, ովքեր սեմինարի ավարտին ստացել են համապատասխան վկայականներ։
«Հայկական պարերը իրենց մեջ կլանել են հազարամյակների կենսափորձը և արտացոլում են հնագույն երկրի ողջ հոգևոր գեղեցկությունն ու հարստությունը։ Հայկական պարը չի կարելի շփոթել ուրիշի հետ, և, հետևաբար, ինչպես և հայերենը, այն դարձել է հայի ինքնաճանաչման անբաժանելի մասը»,- ասել է Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Կամո Հայրապետյանը։ Նրա խոսքով, Կրասնոդարում անցկացվող «Հայկական ժողովրդական պարեր» սեմինար-պարպմունքը միայն առաջին քայլն է Կուբանում հայկական պարարվեստի հանրահռչակման ճանապարհին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը