Եթե հեռավար կրթությունը երկարի, ապա կրթական համակարգի բացասական արդյունքներն էլ ավելի կխորանան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴպրոցական արձակուրդները երկարացվեցին, իսկ բուհերը անցան հեռավար կրթության։ Նախկինում էլ շատ է քննարկվել, որ հեռավար կրթության դեպքում մի շարք խնդիրներ կան: Այս թեմայով զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։
Հարցին, թե եթե որոշում կայացվի, որ դպրոցական արձակուրդից հետո կրկին անցնելու ենք հեռավար կրթության, ապա ինչպիսի՞ ազդեցություն դա կունենա մեր կրթական համակարգի վրա փորձագետը ասել է․ «Կարծում եմ՝ բացասական, որովհետև այս անընդհատ անցումները մի ձևից մյուսը ինքնին արդեն խնդիր են ստեղծում: Այսինքն՝ 100 տոկոս առկա, հետո 100 տոկոս հեռավար: Նաև այս անգամ հոգեբանական խնդիր է լինելու, որովհետև առաջին անգամ, որ անցանք հեռավարի, կար այն հոգեբանությունը, որ՝ հլը տեսնենք էս հեռավարն ինչ է: Այսինքն՝ կարծես փորձարկում լիներ, բայց այն իրեն չարդարացրեց, ուսուցիչները, դասախոսները, աշակերտները, ուսանողները՝ գրեթե բոլորը, մի տեսակ հիասթափված էին, ու շատ ուրախացա, որ վերջապես վերադառնում ենք առկա ռեժիմին: Հիմա հոգեբանորեն դժվար է լինելու գնալ մի ռեժիմի, որը գիտեն, որ չի արդարացրել իրեն: Դրականն էլ այն է, որ այս անգամ և՛ ուսուցիչները, և՛ դասախոսները մի փոքր ավելի պատրաստված են, գոնե որոշակի գործիքներ, էլեմենտներ կարող են կիրառել: Տեխնիկական առումով գուցե այս անգամ ավելի լավ լինի այն առումով, որ աշակերտների թիվը, որ սարքեր չունեին, հիմա ավելի քիչ է, որովհետև շատերն արդեն այդ պահեստային սարքերն ունեն: Հուսանք՝ շուտ կվերականգնվի, ու կվերադառնանք դպրոցներ ու բուհեր: Որովհետև եթե այս անգամ էլ ամիսներով մնացինք հեռավարի հույսին, կարծում եմ՝ բացասական արդյունքներն է՛լ ավելի կխորանան»:
Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ քովիդից ամենաշատը տուժել է հենց կրթական համակարգը Սերոբ Խաչատրյանը ասաց․ «Իհարկե, կարող ենք, որովհետև այս ամենն իր բացասական հետևանքը կունենա: Հատկապես տուժում են փոքր երեխաները, կրտսեր դպրոցը, 1-2-րդ կուրսերը, որոնք շատ-շատ բաներ կորցնում են: Նաև կրթական համակարգը մարդկային ռեսուրսի առումով է տուժում, մենք ունենք դպրոցներ, որտեղ 2-3 ուսուցիչ է մահացել»:
Սոնա Գիշյան