Ադրբեջանը հասնո՞ւմ է իր ուզածին․ իսկ ո՞րն է Հայաստանի ցանկությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հերթական հանդիպումը։ ՀՀ կառավարության տարածված հաղորդագրությունը, ինչպես միշտ, որևէ մանրամասն չի պարունակում, հերթապահ ու ստանդարտ ձևակերպումներ են։
«Ս.թ. հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կողմերն անցկացրել են Եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասը, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, և քննարկվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021թ. հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը: Կողմերը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը»,-առանց բովանդակային մանրամասների, հաղորդում է ՀՀ կառավարությունը:
Փոխարենը երեկ Ալիևն է բազմանշանակ հայտարարություններ արել։ Նա մեկնել էր Զանգելան, որտեղ հայտարարել է․ «Վերջին իրադարձությունները՝ կապված Զանգեզուրի միջանցքի բացման հետ վկայում են, որ մենք հասնում ենք մեր ուզածին»։ Ադրբեջանի ուզածը, հիշեցնենք, հենց Զանգեզուրի միջանցքն է։ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են պնդել, թե որևէ միջանցքի հարց չի քննարկվում և բացառում են նման հնարավորությունը։ ՀՀ կառավարությունը առաջին անգամ չէ, որ մի բան ասում, հակառակն անում է։ Ուստի այս անգամ էլ կարելի է լուրջ չվերաբերվել փաշինյանական իշխանության հայտարարություններին։
Միակ երկիրը, որ դիմադրում էր Զանգեզուրի միջանցքի հարցին, Իրանն էր։ Այն էլ երեկ Իրանը հայտարարել է, թե արգելում է իր բեռնատարների մուտքը Լաչին և Ստեփանակերտ։ Փոխարենը Ադրբեջանը Իրանին է վերադարձրել շուրջ մեկ ամիս առաջ ձերբակալված իրանցի վարորդներին։ Ինչևէ, արձանագրենք, որ զարգացումները կրկին ի վնաս Հայաստանի են։ Եվ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամեն ինչ անում է՝ Հայաստանի Հանրապետությանը կրկին թիկունքից հարվածելու համար։
Միհրան Ավետիսյան