Ասեցի՝ աղջիկ կա, գործ է փնտրում. ինչպես է Ռաֆիկը Կարինեին ծանոթացրել ադրբեջանցի լրտեսի հետ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾNews.am-ը գրում է․
Ադրբեջանի օգտին լրտեսելու գործով մեղադրյալ Ռաֆիկ Պապոյանը պնդում է, որ չի իմացել, որ Էրիկ (նույն ինքը՝ Արման, Սեյրան) անունով ներկայացած մարդը Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակից է:
Այս մասին ասվում է ամբաստանյալի նախաքննական ցուցմունքում, որն այսօր՝ հունիսի 3-ին ընթերցվեց Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, քանի որ ամբաստանյալը հրաժարվեց ցուցմունք տալ:
«Ես աշխատելու նպատակով գտնվում էի Թուրքիայում, որտեղ 2013թ. փետրվարին ծանոթացա Էրիկ եկավ մի տղամարդու հետ, ներկայացավ Էրիկ անունով, ամերիկյան բարեգործական ինչ-որ հիմնադրամից, որն օգնում է Ստամբուլ եկած հայերին»,- իր ցուցմունքում ասել է Ռաֆիկ Պապոյանը ու պատմել, որ այդ Էրիկ անունով տղամարդն իրեն օգնել է աշխատանք գտնել:
Ռաֆիկ Պապոյանն ասել է, թե 10-15 օր շփվել այդ մարդու հետ, որի կողմից հավաքագրվելու, նրա տված հետախուզական ծառայության առաջադրանքներ կատարելու մեջ, փաստորեն, մեղարդվում է: Նա ասել է, թե նույն գործով մեղադրյալ Կարինե Ղումաշյանին ծանոթացրել է Էրիկի հետ միայն նրան օգնելու նպատակով:
«Նրան ասեցի, որ ծանոթ աղջիկ կա, գործ է փնտրում, թեկուզ խնամողի աշխատանք լինի: Հենց նույն օրը Էրիկը զանգեց, ասեց, որ նման աշխատանք կա եւ առաջարկեց հանդիպել: Կարինեն, Կարինեի որդին, ես եւ Էրիկը հանդիպեցինք, նա ինձ ասաց, որ Կարինեին Արման ներկայացնեմ, քանի որ ամուսնացած է, ընտանիք ունի, չի ուզում, որ իր իսկական անունն իմանան»,- ասել է Ռաֆիկ Պապոյանը:
Ամբաստանյալն իր ցուցմունքում ասել է նաեւ, որ Էրիկը պահանջել է իրեն ծանոթացնել այն հայերի հետ, որոնք կապ ունեն բանակի հետ: Նա ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, Կասկածել է, որ Սեյրանը կարող է կապ ունենալ ԱՄՆ հետախուզության հետ, բայց ոչ Ադրբեջանի կամ Թուրքիայի:
Ռաֆիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան ավունով ներկայացած անձի կողմից և կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները` Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացնել նրա հետ:
Կարինե Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և 2013թ. հավաքագրվել այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Ստանալով վարձատրություն` ընդհանուր մոտ 1500 ԱՄՆ դոլլար գումարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները` Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին և այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել:
Գործով մյուս մեղադրյալներն են Ռաֆիկ Պապոյանի որդին, որը, ըստ մեղադրանքի, գաղտնի տվյալներ է հաղորդել եւ Կարինե Ղումաշյանի ազգականուհին: