Իրանի մեսիջը տարածաշրջանին․ խաղերը վտանգավոր են
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻրանի Իսլամական Հանրապետությունն այսօր զորավարժություններ է սկսում Ադրբեջանի հետ սահմանին՝ հրետանու, զրահատեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի ու ռազմական օդանավերի ներգրավմամբ։ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին հայտարարել է, որ հսկայական թվով զինծառայողներ և զինտեխնիկա է մասնակցում այդ զորավարժություններին։ Զորավարժություններ, որոնք վաղուց արդեն հարուցել են Ադրբեջանի իշխանությունների բուռն դժգոհությունը։
Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը և Թուրքիան փորձում են հնարավորինս նվազեցնել նաև Իրանի դերն ու նշանակությունը։ Պատերազմում Իրանի վարքը Հայաստանի նկատմամբ, գրեթե թշնամական վերաբերմունքը, վնասեց նաև հենց Իրանի շահերին։ Այդ երկիրն այլևս հասկանում է, որ իրեն փորձում են գցել անկյուն, վնասել իր կենսական շահերին։
«Ադրբեջանի սահմանի մոտ զորավարժությունների անցկացումն Իրանի ինքնիշխան իրավունք է»,- այս արձանագրումն էլ արել է Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը, Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեհի հետ հանդիպմանը, երբ վերջինս ժամանել է իր հավատարմագրերի պատճենը հանձնելու։ Իրանցի պաշտոնյան նախ իր դժգոհությունն է հայտնել ադրբեջանցի սահմանապահների կողմից իրանցի վարորդների ձերբակալման կապակցությամբ և հայտարարել. «Իրանը չի հանդուրժում իր ազգային անվտանգության դեմ սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունը և այդ առումով իրականացնելու է ցանկացած անհրաժեշտ քայլ»։
Թեև տարածաշրջանում առավելապես նկատվում են Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվությունը, սակայն բոլոր պաշտոնական արձանագրումներով Իրանը հատկապես շեշտում է Իսրայելի դերը։
Փաստացի Իրանի թուլացումը ձեռնտու է ոչ միայն Ադրբեջանին և Թուրքիային, այլ նաև Իսրայելին, և միակ երկիրը տարածաշրջանում, որին Իրանի թուլացումը նույնպես հարվածելու է, Հայաստանն է։ Ըստ էության, Իրանը միայնակ է մնացել Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի դեմ և ստիպված է զորավարժություններով, զինտեխնիկայի կուտակմամբ և գերակտիվ ջանքերով պաշտպանել ոչ միայն իր, այլ նաև Հայաստանի Հանրապետության շահերը։ Իսկ մենք ինչպես միշտ քաշված մի կողմ, հեռվից նեղացած երեխայի պես ենք դիտում, թե ինչ է կատարվում մեր շուրջ։ Հայաստանի Հանրապետությունը կորցնում է իր սուբեկտայնությունը և նրա հետ այլևս ոչ ոք հաշվի չի նստում։
Դավիթ Սարիբեկյան