«Ներիր ինձ, իմ ամենահարազատ մարդ, ես ուժեղ էի՝ զգալով, որ դու կաս»․ Անահիտ Սիմոնյանի հուզիչ գրառումները Հայկոյի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրգչուհի Անահիտ Սիմոնյանը հուզիչ գրառում է արել Հայկոյի կորստի մասին։ Չնայած 2020 թվականին հայտնի դարձավ զույգի բաժանվելու մասին՝ նրանք շարունակում էին լավ հարաբերություններ պահպանել։
«Նամակ քեզ, Հայկոս։ Ես գիտեմ, դու ինձ լսում ես։ Ես գիտեմ, դու միշտ մոտ կլինես և ականջիս կասես՝ ինչպես վարվել Արմանի հետ, որովհետև միայն դու էիր հասկանում նրա լեզուն։ Դու մինչև վերջին պահը հաշտեցնում էիր մեզ՝ ասելով, որ դու, կարծես, երկու երեխա ունես։ Երբ մենք վիճում էինք, միայն դու կարող էիր մեզ հաշտեցնել: Զանգում էիր ինձ, ասում՝ Ան, սիրալիր եղիր, գնա, գրկիր, համբուրիր նրան, հետո զանգում էիր Արմանին, ասում, որ մայրիկը ճիշտ է, գնա, գրկիր, համբուրիր, դու փոքր ես, դու՝ որպես տղամարդ, պետք է անես առաջին քայլը։
Չնայած իմ ու քո՝ երբեմն իրար չհասկանալուն՝ մենք միշտ միասին ենք եղել, և դա երբեք չի բաժանել մեր հոգիները։ Դու արթնանում էիր, զանգում ինձ, ես արթնանում էի, զանգում էի քեզ, և մինչև քո վերջին օրերը մենք զգում էինք, որ աշխարհում չկա ավելի հարազատ մեկը և չի կարող լինել ոչ ոք, որը կկիսի մեր ուրախությունն ու ցավը։ Այդպես էլ ոչ ոք չի կարող հասկանալ ու զգալ այն ցավը, որ իմ սրտում մշտական սպի կդառնա։
Ես չեմ կարող մեր երեխային տալ այն էմոցիաները, որ դու էիր պարգևում, որովհետև ձեր կապն ուրիշ էր։ Դուք մեկ ամբողջության պես սիրում էիք իրար ու կատակում, որ ես նորից կխանդեմ։ Երանի ես ամբողջ կյանքում ապրեի ձեր սիրո հանդեպ խանդով, բայց քո ներկայությամբ։ Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ, բայց չկարողացա։ Ներիր ինձ, որ չկարողացա ոչնչով օգնել քեզ»,- գրել է Անահիտը։
Քիչ անց երգչուհին ևս մեկ հրապարակում է արել և շարունակել գրառումը․ «Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես և չես ապրի մինչև Արմանի հարսանիքը։ Ինչո՞ւ էիր այդպես կատակում և ինչու ինձ մենակ թողեցիր այս մեծ ու դաժան աշխարհում։ Մեզ թողեցիր առանց հենարանի, առանց իմաստի։ Ես երբեք չեմ կարողանա լցնել քո տեղը մեր երեխայի սրտում և չգիտեմ՝ ինչպես նրան ասել այդ մասին։ Ես շատ եմ վախենում։ Դու բուժքրոջն ասում էիր, որ ես ուժեղ եմ, որ կլուծեմ յուրաքանչյուր հարց, բայց դու չէիր հասկանում, որ ես ուժեղ էի՝ զգալով, որ դու կաս, զգալով, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Արմանը հայր ունի, որը երբեք թույլ չի տա նրան նեղացնել։
Առանց քեզ ես մնացի թույլ, չեմ կարողանում ասել Արմանին։ Ես նրան փակել եմ տանը, որպեսզի փողոցում ոչ ոք նրան չասի այդ մասին, ես տեսնում եմ, թե ինչպես է նա ապրում իր մանկական կյանքով և պատկերացնում անգամ չունի, որ ամբողջ աշխարհը սգում է։ Ես չեմ կարող նրան ասել, ուղղակի չեմ կարող։ Ինչո՞ւ դա թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ։ Բոլորն ասում են՝ ես պետք է ուժեղ լինեմ, պետք է մայր լինեմ, բայց ես չեմ կարող, ես չեմ կարող քեզ փոխարինել։ Ինչու է Աստված տանում լավագույններին։ Ինչո՞ւ։ Ես չեմ կարողանում գտնել այդ հարցի պատասխանը և երբեք չեմ կարողանա։
Հանգչիր խաղաղությամբ, բայց խոստացիր, որ միշտ մեր կողքին կլինես։ Դարձիր մեր պահապան հրեշտակը։ Իմ ամենահարազատ մարդ։ Ներիր ինձ»։