«Ձեռքերը կտրելն անհրաժեշտ է անվտանգության համար». «Թալիբան»-ի համահիմնադիրը հայտնել է հանցագործների համար մահապատիժն ու անդամահատումը վերականգնելու մտադրության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹալիբները մտադիր են երկրում վերականգնել հանցագործությունների համար մահապատիժներն ու անդամահատումները:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին ասել է շարժման հիմնադիրներից մեկը՝ մոլլա Նորուդդին Թուրաբին: Այնուամենայնիվ, նա պարզաբանել է, որ մահապատիժները, ամենայն հավանականությամբ, այլևս հրապարակային չեն լինի:
Նա մերժել է միջազգային հանրության վրդովմունքը մահապատիժների վերաբերյալ, որոնք նախկինում տեղի էին ունենում մարզադաշտերում, և նախազգուշացրել է չմիջամտել Աֆղանստանի նոր կառավարիչների գործերին:
«Բոլորը մեզ քննադատում էին մարզադաշտերում պատիժների համար, բայց մենք երբեք ոչինչ չէինք ասում նրանց օրենքների և պատժամիջոցների մասին: Ոչ ոք մեզ չի ասի, թե ինչպիսին պետք է լինեն մեր օրենքները: Մենք կհետևենք իսլամին և կհաստատենք մեր սեփական օրենքները՝ հիմնված Ղուրանի վրա», - ասել է Թուրաբին:
Պարբերականը հիշեցնում է, որ նախկինում, երբ կառավարում էին թալիբները, դատապարտված գողերի համար պատիժը ձեռքի անդամահատումն էր: Ճանապարհային կողոպուտի համար դատապարտվածների դեպքում անդամահատվել են ձեռքն ու ոտքը:
«Ձեռքերը կտրելը շատ անհրաժեշտ է անվտանգության համար», - ասել է նա: