Վարչապետի խոսնակը հաստատում է Էրդողանի ապտակը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի կառավարությունը չի հերքում, որ Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Տարակուսելի է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում Նախիջևանի միջանցքի հարցը, մյուս կողմից՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնում։ Եթե ուզում է հանդիպել Էրդողանի հետ, ապա պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն։ Եթե նրանք անկեղծ են Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության գնալու ցանկության մեջ և պատրաստ են նոր գործընթաց սկսելու ուղղությամբ քայլերի գնալ, մենք էլ ընդառաջ կգնանք և դիվանագիտությանը ընթացք կտանք», - ասել էր Թուրքիայի նախագահը։
Հայ հանրությունն աղոտ հույսեր էր փայփայում, որ Էրդողանը ստած կլինի, իսկ Նիկոլ Փաշինյանն այդքան անողնաշարավոր չէ։ Հայ հանրությանը հերթական անգամ հիասթափություն էր սպասվում, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը երկար մի տեքստ է երկնել՝ փաստացի հաստատելով Էրդողանի լայն ապտակը։ Երկարաշունչ այդ տեքստում կառավարության ներկայացուցիչն է մեղադրում Թուրքիային՝ նախապայմաններ քաշելու մեջ, հաստատում, որ Հայաստանը պատրաստ կլինի Թուրքիայի հետ բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների, արդյունավետ աշխատանքի պարագայում:
«Տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար և Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում: Որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է և ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն»,- նշել է Գևորգյանը՝ նկատելով, որ միջանցքների խոսակցությունը հակասում է խաղաղություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը: Արդեն երկրորդ ամիսն է՝ պաշտոնական Երևանն ու Անկարան հեռավար ուղերձներ են փոխանակում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Անկարան շարունակում է նախապայմաններ առաջ քաշել՝ հաղթածի դիրքերից, նվաստացնել Հայաստանի գործող իշխանություններին, իսկ Փաշինյանն ու իր թիմը, նույնիսկ չսրբելով իրենց դեմքին հայտնված թուքը, ջանում են հաճոյանալ Թուրքիային։
Մանվել Վարոսյան