Թուրքիայից եկող այդ «դրական» ազդակները ո՞ւմ համար են դրական
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարել էր, որ Թուրքիայից դրական ազդակներ է նկատում։
Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։
Հարցին,թե ինչ դրական ազդակների մասին է խոսքը՝ քաղաքագետը պատասխանել է․ «Մենք Թուրքիայից և Ադրբեջանից միայն զորավարժություններ ենք տեսնում, որտեղ նրանք տարբեր հատվածներում Հայաստանի դեմ գործելուն են պատրաստվում, այսինքն՝ տարբեր ռելիեֆ է կրկնվում, տարբեր քաղաքական իրողություններ են կրկնվում, այսինքն՝ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են միասին կռվել Հայաստանի դեմ, ինչը արել են մի տարի առաջ: Թուրքիան շարունակում է Հայաստանի միակողմանի շրջափակումը, որը Հայաստանում «չեղարկվում է» փաստացի, և հիմնական չեղարկումը հենց հիմա է տեղի ունենում: Բայց եկեք հիշենք Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի հանրային դիսկուրսը վերջին տարվա ընթացքում: Պատերազմից մեկ ամիս առաջ Լիլիթ Մակունցն ասել է, որ Թուրքիան չի համարձակվի Ադրբեջանին աջակցել և Հայաստանի դեմ պատերազմել, հետո պատերազմի ընթացքում հանրայնորեն հակաթուրքական քաղաքականություն է իրականացվել, բայց պատերազմը հենց ավարտվեց՝ գիծը լրիվ փոխվեց, երբ Հայաստանի ԳՇ-ն հայտարարություն տարածեց, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, Թուրքիայից 6 տարբեր պաշտոնյաներ արձագանքել են դրան և դեմ են եղել այդ զարգացմանը, այսինքն՝ դրանով խառնվել են Հայաստանի ներքին գործերի մեջ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, հետո էլի բազմաթիվ տարբեր հայտարարություններ են եղել: Հիմա արդեն տեսնում ենք, որ թուրքական բեռնատարներով բերվում է տեխնիկա՝ Հանրապետության հրապարակում ինչ-որ բաներ տոնելու համար: Աթաթուրքի նկարով բեռնատարները Երևանով արդեն շրջում են, թուրքական համարներով բեռնատարները Երևանով արդեն կարող են երթևեկել, այսինքն՝ Թուրքիան ստանում է այն ամենը, ինչ կարող է ստանալ Հայաստանից, մնաց հասկանանք՝ Հայաստա՞նը ինչ է ստանալու: Եվ այդ դրական ազդակները ո՞ւմ համար են դրական, կամ ապագա որ կա՝ ո՞ւմ համար կա. Թուրքիայի համար ակնհայտորեն կա, և դրա համար ամեն օր մի բան անում են: Հայաստանի ապագայի համար ի՞նչ է արվում»:
Անդրադառնալով հայ-իրանական սահմանին քաղաքագետը ասել է․ «Հայաստանի հետ սահմանն Իրանի համար անվտանգ սահման է: Իրանի համար մեկ տարի առաջ այդ անվտանգ սահմանը ավելի երկար էր, բայց պատերազմի ժամանակ պարզվել է, որ Իրանի տարածքում բազմաթիվ ադրբեջանցիներ եղել են Թուրքիայի և Ադրբեջանի գործակալներ, և աջակցել են Ադրբեջանին այս պատերազմի ընթացքում, օրինակ՝ կոորդինատների մասով, և այլն: Հիմա ստացվել է այնպես, որ Իրանի համար այս ճանապարհը ոչ մի կերպ անվտանգ չէ այլևս, բայց ոչ միայն Իրանի համար: Սա կարևոր է միջազգային այլ սուբյեկտների համար, որոնց շարքում են Ռուսաստանը, Եվրոպական միությունը, նաև՝ ԱՄՆ-ը: Փաշինյանը կանչում է, որպեսզի ՀԱՊԿ զորավարժություններն անցկացվեն Սյունիքում: Իրանից բազմաթիվ հայտարարություններ են արվել: ԵՄ-ն էլ շահագրգռված է, որ Սյունիքը մնա Հայաստանի կազմում: Բայց դա ուղղակի օտար երկրների կամքով չի լինում, դա չի լինում միջազգային իրավունքի ուժով. Միջազգային իրավունքը ուժ է ստանում, երբ ինչ-որ մեկն այդ ուժը գործադրում է: Եթե մենք մեր տարածքին տիրություն չենք անում, ուրիշը մեր տեղը դա չի անելու, դա հնարավոր չէ: Ուրիշը կարող է աջակցել, եթե մենք ինչ-որ գործ ենք անում»:
Սոնա Գիշյան