Թալիբների դեմ պայքարը կշարունակվի. Դիմադրության ուժերը հերքել են Փանջշերը գրավելու մասին «Թալիբան»-ի հայտարարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓանջշերի մոջահեդները հերքել են նահանգի գրավման մասին թալիբների հայտարարությունը և հայտարարել պայքարը շարունակելու մտադրության մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դիմադրության ճակատի ուժերը ներկա են բոլոր ռազմավարական դիրքերում՝ հովտի ամբողջ երկայնքով ... Մենք վստահեցնում ենք Աֆղանստանի ժողովրդին, որ թալիբների և նրանց գործընկերների դեմ պայքարը կշարունակվի մինչև արդարության և ազատության գերակայությունը», - ասված է նրանց թվիթերյան գրառման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը հայտնել է, որ աֆղանական Փանջշեր նահանգն ամբողջությամբ անցել է թալիբների վերահսկողության տակ: Փանջշերը միակ նահանգն է, որը թալիբների վերահսկողության տակ չէ:
«Թշնամու վարձկանների վերջին հենակետը՝ Փանջշեր նահանգը, ամբողջությամբ գրավված է: Երկրում լիարժեք անվտանգություն ապահովելու վերջին ջանքերը նույնպես տվեցին իրենց արդյունքը, և Փանջշեր նահանգն անցավ իսլամական էմիրության լիակատար վերահսկողության տակ», - ասվում է թալիբների հայտարարության մեջ:
Ըստ թալիբների՝ ապստամբների մի մասը պարտվել է մարտերում, ոմանք դիմել են փախուստի: Թալիբները Փանջշերի բնակչությանը խոստացել են, որ իրենց չեն ճնշի:
Սեպտեմբերի 3-ին թալիբներն արդեն հայտարարել էին Փանջշերի գրավման մասին, մինչդեռ Փանջշերի դիմադրության ճակատը հերքել էր այս տեղեկությունը: Սեպտեմբերի 4-ին «Թալիբան» շարժումը հայտարարել է նահանգապետի գրասենյակի գրավման մասին: Դիմադրության ուժերը հաղորդել են թալիբների մեծ կորուստների մասին: Փանջշերի դիմադրության առաջնորդը պատրաստակամություն է հայտնել բանակցել թալիբների հետ, եթե նրանք իրենց զորքերը դուրս բերեն նահանգից: