Թալիբների ներկայացուցիչը Կատարում հանդիպել է Պակիստանի և Գերմանիայի դիվանագետների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Շեր Մոհամմադ Աբբաս Ստանիկզայը վերջին երկու օրում Կատարում հանդիպումներ է ունեցել օտարերկրյա դիվանագետների հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թալիբների ներկայացուցիչ Մոհամմադ Սոհաիլ Շահինը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Ստանիկզայը հանդիպել է Պակիստանի դեսպանի և Գերմանիայի ներկայացուցչի հետ, քննարկել Աֆղանստանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։
Քաղաքական վարչության փոխտնօրեն Շեր Մոհամմադ Աբաս Ստանիկզայը և նրա պատվիրակությունը հանդիպել են Կատարում Պակիստանի դեսպանի հետ: Կողմերը էլ քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, հումանիտար օգնությունը, երկկողմ հարաբերությունները: Շահինի խոսքով՝ կողմերը քննարկել են երկու երկրների սահմանային անցակետերով մարդկանց տեղաշարժի խնդիրները։
Շահինը նշել է, որ հանդիպում է եղել նաև Աֆղանստանի գծով Գերմանիայի ներկայացուցիչ Մարկուս Պոտցելի հետ։ Կողմերը քննարկել են ընթացիկ դրությունը, օդանավակայանի աշխատանքի վերագործարկմանը և տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր։
Ամերիկայի Միացյալ Նահանգներն օգոստոսի 30-ին ավարտել է ռազմական առաքելությունը Աֆղանստանում։ Այդ երկրում գործողությունը դադարեցնելու որոշման մասին, որը սկսվել է 2001 թվականի հոկտեմբերին և դարձել ամերիկյան պատմության մեջ ամենատևական արտասահմանյան ռազմական արշավը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ապրիլի 14-ին: Դրանից հետո «Թալիբան» շարժման կողմնակիցները զգալիորեն շատացրել էին հարձակման տեմպերը և օգոստոսի 15-ին առանց մարտի լիակատար վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի նկատմամբ: Թալիբները հայտարարել են Աֆղանստանում իրենց լիակատար հաղթանակի մասին։