Հղիության ընթացքում գրիպով հիվանդանալը ապագա երեխայի շիզոֆրենիայի պատճառ կարող է դառնալ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀղիության ընթացքում գրիպով հիվանդանալը կարող է բացասաբար ազդել երեխայի ուղեղի զաարգացման վրա: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները:
Նույնիսկ գրիպի անվնաս թվացող գրոհը, որի դեպքում հղի կինն անգամ բժշկի չի այցելում կարող է ազդել երեխայի ուղեղի զարգացման վրա: Ամերիկյան հետազոտողները պարզել են, որ եթե առաջին եռամսյակի ընթացքում ապագա մայրը գրիպի նման ինֆեկցիաների բախվի՝ երեխայի մոտ 15 տարի հետո շիզոֆրենիայի զարգացման հավանականությունը գրեթե եռակի կաճի: Գիտնականները շեշտում են, որ իրենց ստացած տեղեկությունները ամենեւին էլ չեն նշանակում, որ հղիության ընթացքում գրիպով հիվանդացությունը անհապաղ կհանգեցնի երեխայի շիզոֆրենիայի: Խոսքը ընդամենը այդ հիվանդության զարգացման վտանգի բարձրացման մասին է:
Հետազոտության ընթացքում հետեւել են հղի մկների իմունային համակարգին, փորձելով հասկանալ, թե ինչպես է մկների իմունիտետը արձագանքում այն քիմիական նյութին, որը նման է գրիպ հիշեցնող վիրուսային ինֆեկցիայի: Ծնված մկնիկների մոտ նկատվել է ուղեղի ու կենտրոնական նյարդային համակարգի անոմալիաների զարգացման վտանգի աճ: Այդ վտանգը նկատվում էր նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց մայրերը չափավոր վիրուսով էին վարակվում:
Գիտնականները պարզել են, որ տրիպտոֆանի ամինաթթվի մակարդակը, որը ակտիվացնում է իմունային համակարգը, վիրուսի ժամանակ աճում էր: Սա ստիպում է, որ ընկերքը ավելի շատ սերոտոնին արտադրի, ինչն էլ իր հերթին ավելացնում է պտղի ուղեղում տվյալ քիմիական նյութի պարունակությունը:
Սերոտոնինը շատ կարեւոր է երեխայի ուղեղի զարգացման համար, բայց դրա մակարդակի մեծացմանն ի պատասխան՝ ուղեղը սերոտոնինային նեյրոնների իր սեփական գենեզն է իրականացնում, գուցե որովհետեւ նրա ռեցեպտորները զգում են սերոտոնինի ավելցուկը: Հենց դա էլ կարող է խնդիր առաջացնել, հատկապես եթե սերոտոնինի ավելցուկը հանգեցնում է ուղեղի առաջնամասի անբավարար զարգացմանը: